Վան քաղաքի եկեղեցիները. Յուշամատեան

2691

Հեղինակ՝ Ռոբերտ Թաթոյեան

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին Վան քաղաքում կար տասներկու գործող եկեղեցի, որոնցից եօթը՝ Վանի Քաղաքամէջ, հինգը՝ Այգեստան թաղամասում։

Վան քաղաքի Քաղաքամէջ թաղամասի եկեղեցիները

Սուրբ Պօղոս-Պետրոս և Սուրբ Առաքել զոյգ (յարակից) եկեղեցիներ

Սուրբ Պօղոս-Պետրոս և Սուրբ Առաքել յարակից եկեղեցիները գտնւում էին կողք կողքի, առանձնացուած էին իրարից միայն միջնապատով։ Այդ պատճառով վանեցիներն այդ եկեղեցիները սովորաբար անուանել են՝ «ժամը ժամի վրայ» կամ «ջուխտակ ժամը ժեռ քարի վրայ»։ Եկեղեցիները տեղակայուած էին Քաղաքամէջի գլխաւոր հրապարակի հիւսիսային կողմում։

Եկեղեցիների շէնքերն ու գաւիթներն ունէին հոյակապ ու ամրակառոյց հաստատութիւն, շինուած էին ամբողջութեամբ սրբատաշ քարերից։ Սուրբ Պօղոս եկեղեցին 8 x 12 մետր արտաքին չափսերով էր, ունէր ուղղանկիւն գմբէթաւոր դահլիճ տիպի յօրինուածք, նկարագրւում է որպէս «մեծ և գմբէթաւոր»։ Սուրբ Պետրոս եկեղեցին ունէր բազիլիկատիպ յօրինուածք։

XIX դարի վերջին – XX դարի սկզբին գործող էր միայն Սուրբ Պօղոսը, իսկ Սուրբ Պետրոսը կիսաւեր վիճակում էր։ 1850-ական թթ. կէսերին Սուրբ Պօղոս եկեղեցում պաշտօնաւարում էր երկու հոգևորական [1]:

Քաղաքամէջի Սուրբ Պօղոս-Պետրոս եկեղեցիի ներսը (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du Génocide, Paris, 1992)

Սուրբ Նշան կամ Էջմիածին եկեղեցի

Բերդաքաղաքի կենտրոնական եկեղեցին էր, որին կից գտնւում էր Առաջնորդարանի շէնքը։ Եղել է փոքր գմբէթաւոր տիպի եկեղեցի։  Եկեղեցու նաւակատիքի տօնը նշւում էր ամեն ուրբաթ օր, երբ մատուցւում էր նաև պատարագ։ Վարագայ և Խաչվերացի տօներին եկեղեցում էին համախմբւում Քաղաքամէջի բոլոր եկեղեցիների հոգևորականները և ժողովրդի բազմութիւնը։ 1850-ական թթ. կէսերին Սուրբ Նշանում պաշտօնավարում էր երկու հոգևորական [2]:

Սուրբ Սահակ եկեղեցի

Եկեղեցին գտնւում էր Քաղաքամէջի շուկայի հիւսիս-արևելեան կողմում։ Այն յաճախում էին գերազանցապէս արհեստաւորների ընտանիքները պահքի և մեծ տօների օրերին։ Եկեղեցու շէնքը նկարագրւում է որպէս լայնանիստ ու հոյակապ տաճար, դիրքով և տեսարանով փառաւոր, պատկառելի մի սրբավայր։

Սուրբ Սահակում են յաճախ քարոզել նշանաւոր եկեղեցական գործիչներ Երեմիա Տևկանցը և Գարեգին Սրուանձտեանցը [3]։

Վան քաղաքը, համայնապատկեր։ Պատկերի խորքում երեւում է Վարագայ լեռը (Աղբիւր՝ Միշել Փապուճեանի հաւաքածոյ)

Սուրբ Ստեփաննոս եկեղեցի

Գտնուել է Սուրբ Սահակ եկեղեցու հարևանութեամբ։ Եկեղեցին փայտաշէն էր, տեսքով պարզ և անշուք։ Ունէր միայն գաւիթ, որը յաճախ ծառայում էր որպէս արհեստաւորների ժողովասրահ, ինչպէս նաև պատարագելու սեղան։ Երբ Վանում պատահում էր ազգային և համայնական որևէ կարևոր խնդիր, ամբողջ արհեստաւորաց համայնքի և ընկերութիւնների ներկայացուցիչներն այն քննարկելու համար հաւաքւում էին Սուրբ Ստեփաննոսում։ 1850-ական թթ. կէսերին Սուրբ Սահակ և Սուրբ Ստեփաննոս եկեղեցիներում միասին պաշտօնավարում էր երկու հոգևորական [4]:

Վանի Հին քաղաքը միջնաբերդի կողմից դիտուած (Աղբիւր՝ Հայաստանի պատմութեան թանգարան, լուսանկար՝ Ա. Վրոյր, 1916)

Սուրբ Ծիրանաւոր Աստուածամայր եկեղեցի

Եկեղեցին գտնւում էր Սուրբ Սահակ եկեղեցուց մօտ հինգ րոպէ հեռաւորութեան վրայ՝ ծիրանի ծառերով «ծառախիտ և կանաչազարդ» մի պարտէզի մէջ։  Չափսերով մեծ չէր. գողտրիկ և նուրբ համաչափութիւններով կառոյց էր։

Եկեղեցու տարածքում բխում էր փոքր աղբիւր, որը հռչակուած էր իր հրաշագործ բուժիչ յատկութիւններով։ «Զօրեղ և զօրաւոր է զօրութիւնն Ծիրանաւոր Աստուածամօրը, իւր հրաշքն տեսնուել է ամեն ջերմեռանդ հաւատացեալների վրայ անխտիր թուրքին և հային, որոնք խնկով ու մոմերով դիմում և լուացւում են նորա տաճարում բղխած խորի օրհնեալ ջրովն և գտնում են բժշկութիւն շատ տեսակ ցաւերի», – հաղորդւում է ժամանակակից ականատեսի վկայութեան մեջ։

Եկեղեցում պատարագ էր մատուցւում չորեքշաբթի և տօն օրերին։

1850-ական թթ. կէսերին Սուրբ Ծիրանաւորում պաշտօնավարում էր մէկ հոգևորական [5]:

Աւետարան. մանրակարչութիւն՝ Զաքարիա Աւանցի, Վանի շրջան։ Գտնւում է Մեսրոպ Մաշտոց Մատենադարանի մէջ, թիւ 2804, Երեւան (Աղբիւր՝ Armenian Miniatures from the Matenadaran Collection, Nairi Publishing House, Yerevan, 2009)

Սուրբ Տիրամայր եկեղեցի

Եկեղեցին եղել է Վան քաղաքի հնագոյն սրբավայրերից մէկը։ Յուշարձանի մասին մեզ հասած առաջին տեղեկութիւնները վերաբերում են XIV դարին։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին եկեղեցական համալիրը կազմուած է եղել Սուրբ Տիրամօր և յարակից Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցիներից, և նրանց կից քաղաքի հայկական առաջին կրթական հաստատութիւնից՝  «Յիսուսեան» մայր վարժարանից։

Եկեղեցին հարուստ էր անշարժ և շարժական կալուածքներով ու գոյքով, թանկագին ոսկեայ, արծաթեայ և ականակուռ զարդ-սպասքներով։ Եկեղեցում էր պահւում «Մմար խաս» կամ «Մալխաս» հրաշագործ աւետարանը։

1850-ական թթ. կէսերին Սուրբ Տիրամայր եկեղեցում պաշտօնավարում էր երկու հոգևորական [6]:

Էջմիածնի տաճարի մանրակերտը՝ ճաճանչներով։ 1743, պատրաստուած Վանի մէջ։ 142 × 33 × 36 սմ։ Գտնւում է Էջմիածնի թանգարանի մէջ (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)

Սուրբ Վարդան եկեղեցի

Սուրբ Վարդան եկեղեցին գտնուել է Սուրբ Տիրամօր եկեղեցուց արևելք։  Այն ըստ աւանդութեան V դարի երկրորդ կէսին հիմնադրել է Վարդան Մամիկոնեանի դուստր Շուշանը: Սուրբ Վարդանը վաղ միջնադարեան տաճարից և ուշ միջնադարեան գաւիթից կազմուած համակառոյց էր՝ արտաքուստ 8.5 х 10.4 մետր չափերով ուղղանկիւն և գմբէթաւոր:

Սուրբ Վարդան եկեղեցին ներքուստ աղիւսաշէն էր։ Ուշագրաւ էր եկեղեցու արտաքին պատերի 2 մ հաստութիւնը, որ հնարաւորութիւն էր տուել ներքին ճակատներում տեղաբաշխել 1 մ խորութեամբ որմնակամարներ:

Եկեղեցու տօնախմբութիւնը կատարւում էր բարեկենդանից յետոյ հինգշաբթի օրը՝ «հոգեկան պատրաստութեամբ և … հոծ բազմութեամբ արանց և կանանց, դպրոցական ներկայացուցիչների»: Գէորգ Շերենցն այն անուանում է «Վասպուրականի մէջ ամենագլխաւոր տօնակատարութիւն և գլխաւոր հանդէս», որը կատարւում էր «նախօրօք պատրաստուած և խնամօք նախաձեռնութեամբ»։

1881 թ. եկեղեցուն կից ստեղծուել է Վան քաղաքի հայկական օրիորդաց առաջին Շուշանեան վարժարանը:

1850-ական թթ. կէսերին Սուրբ Վարդանում պաշտօնավարում էր երկու հոգևորական [7]:

Այգեստանի եկեղեցիները

Հայկավանից Սուրբ Աստուածածին եկեղեցի

Հայկավանից Սուրբ Աստուածածին եկեղեցին (հնում՝ վանք) յայտնի էր նաև Եօթն խորան ժամ, Հայկվանք, Հանգուցելոյ վանք և Օթեվանք անուններով։ Գտնուել է Քաղաքամէջից դէպի Այգեստան տանող երկու մեծ պողոտաների վրայ։ Եկեղեցուն կից եղել է հայկական գերեզմանատուն։ Կառուցուել է XI-XII դարերում։

Եկեղեցին եռանաւ բազիլիկ տիպի էր, առանձնանում էր ընդարձակ գաւիթով։ Կենտրոնական նաւը ծածկուած էր երեք յաջորդական հազարաշէն երդիկներով։ Եկեղեցու տանիքը եղել է հողաշէն՝ Վանայ տարածքին բնորոշ համապատասխան երդիկային բացուածքներով։

Արարուց Սուրբ Աստուածածին եկեղեցի եւ հրապարակը (մէյտան) (Աղբիւր՝ Պետօ Եղիայեանի հաւաքածոյ, Լոնտոն)

Եկեղեցու՝ «Եօթն խորան» անուան պատճառն այն էր, որ բացի սուրբ սեղանի վերևումն առկայ երեք խորաններից, ստորին հատուածում կային ներքնախորաններ՝ իւրաքանչիւրում մէկական խաչքարերով՝ «կապոյտ», «կանաչ» և «կարմիր» խաչ անուններով։ Վանեցիները հաւատում էին, որ դրանք օժտուած էին հրաշագործ յատկութիւններով. տենդ ու ջերմ ունեցող հիւանդները մտնում, ծնրադրում և լուացւում էին խորանների աւազաններում ի բժշկութիւն ցաւերի։

Անմիջապէս եկեղեցու մէջ գործում էր դպրոց, որի համար յատկացուած տարածքը բաժանուած էր աղօթասրահից փայտեայ պատնէշով:

1850-ական թթ. կէսերին եկեղեցում պաշտօնավարում էր երկու հոգևորական [8]:

Արարուց Սուրբ Աստուածածին եկեղեցի

Արարուց (Արարքի) Սուրբ Աստուածածին եկեղեցին կամ Այրհարոյցը գտնուել է Այգեստան թաղամասի հարաւային կողմի համանուն հրապարակում։ Եկեղեցին կառուցուել է XII դարի կէսերին: XX դարի սկզբներին եկեղեցական համալիրը բաղկացած է եղել զանգակատնից, ընդարձակ գաւթից, գլխաւոր տաճարից, ինչպէս նաև ձիթհանի և հնձանի համար շինութիւններից։

1883-84 թթ. եկեղեցին ենթարկուել էր հիմնանորոգութեան. տարածքն ընդարձակուել էր, բացուել էին նոր լուսամուտներ, աւելացուել էր գմբէթ։ Նորոգութեան համար գումար էին հանգանակել ոչ միայն Վանի գրեթէ բոլոր հայերը, այլ նաև տեղացի որոշ թուրք երևելիներ։

Վան. Այգեստան թաղամասը (Աղբիւր՝ Միշէլ Փապուճեանի հաւաքածոյ, Փարիզ)

Եկեղեցին առանձնանում էր խիստ հոյակապ հաստատութեամբ և մեծութեամբ. այն մի ընդարձակ շէնք էր, փառահեղ և վիթխարի դիրքով ու ծաւալով. որի գաւթում և աղօթասրահում կարելի էր զետեղել 3-5 հազար հոգի, կանանց երկյարկանի վերնատնով և երկու կողքից հիմնարկուած փոքր խորաններով։  Այն գմբէթաւոր բազիլիկ տիպի էր. զանգակատունը, գաւիթն ու եկեղեցին միասնաբար ունեցել են 45 մ երկարութիւն և 17 մ լայնութիւն։

Եկեղեցուն կից գտնուել է արքունի ճարտարապետ Պօղոս Թագւորեանի նախագծով կառուցուած «Սուրբ Թարգմանչաց» երկսեռ դպրոցի շէնքը։

Եկեղեցու շրջապատում, հրապարակի պարագծով, եղել են արհեստաւորական, մանրավաճառքի և այլ բնոյթի խանութներ, կրպակներ, պանդոկներ և այլն։

1850-ական թթ. կէսերին եկեղեցում պաշտօնավարում էր վեց հոգևորական՝ ամենաշատը Վանի այլ եկեղեցիների համեմատ [9]:

Հայկավանի Սուրբ Աստուածածին եկեղեցիի ներսը (Աղբիւր՝ H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901)

Նորաշէնի կամ Տիրակառոյց Սուրբ Աստուածածին եկեղեցի

Եկեղեցին գտնւում էր Վանի Այգեստան թաղամասի բուն կենտրոնում՝ շրջապատուած մեծ և փոքր զուտ հայաբնակ թաղերով։ Կառուցուել է 1830 թ. տեղում գոյութիւն ունեցող մի մատուռի վրայ։ 1865-1870 թթ. եկեղեցուն կից աւելացուել է կանանց համար նախատեսուած փոքր մատուռ, ինչպէս նաև հաստատուել է դպրոց։

1896 թ. յունիսի կոտորածների օրերին եկեղեցիի և դպրոցի շէնքերը դառնում են ապաստան բազմաթիւ որբերի և այրիների, վիրաւորների և շրջակայ գիւղերից փախստականների համար։

Արարուց Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ հրապարակի վրայ հաւաքուած հաւատացեալներ (Աղբիւր՝ Raymond H. Kévorkian, Paul B. Paboudjian, Les Arméniens dans l’Empire Ottoman à la veille du Génocide, Paris, 1992)

Նորաշէնի Սուրբ Աստուածածինր’ իր զոյգ փայտաշէն գմբէթներով, եղել է Այգեստանի ամենագրաւիչ եկեղեցին։ 1902 թ. Գ. Շերենցը նշում էր, որ «թէ դպրոցն և թէ եկեղեցին աւելի լաւ դրութեան մէջ են միշտ քան միւս թաղերի, և դորա ապացոյցն այն է, որ օրից օր աւելի բարուոք վիճակի են հասնում Նորաշէնցիքն միշտ նախանձելի են կացուցանում դպրոցն էլ եկեղեցին էլ»։

1850-ական թթ. կէսերին եկեղեցում պաշտօնավարում էր երկու հոգևորական [10]:

Յայնկոյսների Սուրբ Աստուածածին եկեղեցի (Պստիկ տաճար)

Յայնկոյսների Սուրբ Աստուածածին եկեղեցին գտնուել է Այգեստան թաղամասի  հիւսիս-արևելեան համանուն թաղամասում՝ Յայնկոյսներ գետի ձախ ափին: Կառուցուել է X դարում կամ աւելի վաղ՝ Վարդ Պատրիկ Ռշտունու ժամանակ (VII-VIII դարեր) Վարագայ լեռան շրջապատում երևացած հրեղէն սիւներից մէկի տեղում:

Յայնկոյսների Ս. Աստուածածինը XIII-XVII դարերում եղել է վանք, 1648 թ. երկրաշարժից յետոյ լքուել: 19-րդ դարի սկզբներին վերականգնուել է որպէս ծխական եկեղեցի, 1860 և 1890 թթ. ենթարկուել վերանորոգութիւնների, մասնաւորապէս նրան կից ստեղծուել է արական նախակրթարան՝ 200-ից աւելի աշակերտներով։

Յայնկոյսների Սուրբ Աստուածածին եկեղեցին (Պստիկ տաճար) (Աղբիւր՝ Երուանդ Տէր Մկրտիչեան, Գանձեր Վասպուրականի, Ա. հատոր, Պոսթոն, 1966)

«Յայնկոյսների թաղեցւոց եկեղեցասիրութիւնն ու աւանդապահ կարգապահութիւնը, ջերմեռանդութիւնն դէպ հայրենի կրօնն ու եկեղեցին, անուանի և օրինակելի է դարձել բոլոր Վանեցւոց մէջ, և այդ բարի սովորութեան տակ էլ՝ օրից օր աւելացրել են եկեղեցւոյ անշարժ և շարժական կալուածոց քանակն ու թիւ», – նշում է Գ. Շերենցը։

1896 թ. եկեղեցին և յարակից շինութիւնները աւերուել են, ապա վերականգնուել։

Յայնկոյսների Սուրբ Աստուածածինր եղել է գմբէթաւոր, խորանային ցածր բեմով, փայտաշէն տանիքով եկեղեցի: Գմբէթն արտաքուստ ութանիստ էր՝ ութ առանցքային լուսամուտներով: Եկեղեցու գաւիթր արտաքինից ուղղանկիւն էր և կենտրոնական մասում ունէր կանթեղանման զանգակատուն:

1850-ական թթ. կէսերին եկեղեցում պաշտօնավարում էր երեք հոգևորական [11]:

Սուրբ Յակոբ հայրապետ եկեղեցի և «Թուխ Մանուկ» վկայարան

Սուրբ Յակոբ հայրապետ եկեղեցին յայտնի էր նաև «Ս. Յակոբ առանց տաճարի» անունով, գտնւում էր Այգեստան թաղամասի հիւսիսային կողմում՝ Ստորին Նորաշէն թաղում։ Կառուցուելով 1639 թ.՝ համարւում էր Յայնկոյսներից յետոյ Այգեստանի ամենահին եկեղեցին։ Եկեցեցուց փոքր հեռաւորութեան վրայ գտնուել է «Թուխ Մանուկ» վկայարանը (XIII դ.), որը XIX դարում կիսաւեր վիճակում էր, ծառայում էր որպէս մոմավառութեան սրահ։

Եկեղեցուն անմիջապէս հարող թաղը XIX դարի երկրորդ կէսին – XX դարի սկզբներին աստիճանաբար դարձել էր թուրքաբնակ. հայերը տեղափոխուել էին Այգեստանի աւելի կենտրոնական թաղեր՝  իրենց հին տները էժան գներով վաճառելով թուրքերին։

Եկեղեցին ենթարկւում էր պարբերական վերանորոգումների, դրան կից գործում էր նախակրթարան։

Եկեղեցում էր պահւում Չարխափան անունով Աւետարանը, որը համարւում էր հրաշագործ։ Ամեն շաբաթ օրը Վանի հեռու և մօտիկ թաղերից եկեղեցի էին այցելում բազմաթիւ կանայք, որոնք «խունկ ու մոմով, մատաղացու գառ ու հաւով» կատարում էին իրենց ուխտը։

1850-ական թթ. կէսերին Սուրբ Յակոբում պաշտօնավարում էր երեք հոգևորական [12]:

Միւռոնի կաթսայ, 57 × 13 սմ։ Գործ Կարապետ Հայրապետեանի, 1883, Վան։ Գտնւում է Էջմիածնի թանգարանի մէջ (Աղբիւր՝ Osep Tokat, Armenian Master Silversmiths, Tigran Mets Printing House, Yerevan, 2005)

  • [1] Արեւելեան մամուլ, Զմիւռնիա, 1878, սեպտեմբեր, էջ 179; Գ. Շէրենց, Սրբավայրեր. Տեղագրութիւն Վասպուրականի-Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց, վանօրէից եւ ուսումնարանաց. Աշխատասիրեց, Թիֆլիս 1902, էջ 19; Դ. Քերթմենջեան, «Վան քաղաքի պատմաճարտարապետական ժառանգութիւնը», Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 2012, ԿԸ (Է), էջ 25:
  • [2] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 20-21; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 27։
  • [3] Շէրենց, Սրբավայրեր…, էջ 21; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 27։
  • [4] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 21-22; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 27։
  • [5] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 22-23; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 27։
  • [6] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 23-26; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 24։
  • [7] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 26-27; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 25։
  • [8] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 29-31; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 29։
  • [9] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 31-36; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 30։
  • [10] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 36-37; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 31։
  • [11] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 37-41; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 30-31։
  • [12] Արեւելեան մամուլ, 1878, սեպտեմբեր, էջ 179; Շէրենց, Սրբավայրեր…, էջ 41-42; Քերթմենջեան, «Վան քաղաքի…», էջ 31։

Աղբյուրը՝ ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/vanvilayet/kazaofvan/religion/festivals.html