Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»․ Ռոբերտ Քոչարյան

1232

Մեդիամաքսը զրուցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը կրում է Չեմ պատրաստվում ինքնագովազդով զբաղվել խորագիրը։ (Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը)։ 

Ներկայացնենք որոշ հատվածներ․

– Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:   

– Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին: Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:

– Վերջին 10 տարիներին շատ եք քննադատել իշխանություններին: Զղջո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք որպես հետնորդ: 

– Պատմությունը ենթադրություններ չի սիրում, այնպես որ՝ պոստֆակտում գնահատականներ չեմ տա:

– Ի՞նչ սկզբունքով էիք հետնորդ ընտրում: 

–  Ինձ համար առաջնահերթ էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը: Հետնորդ ընտրելիս՝ ես նախ եւ առաջ մտածում էի, թե ով կարող է հնարավորինս արդյունավետ լուծել անվտանգային հարցերը: Սերժ Սարգսյանի անցած ուղին ինձ հուշում էր, որ հնարավոր հավակնորդներից հենց նա է ամենապատրաստվածը դրանք լուծելու համար:

– Վերջերս ասացիք, որ անցած հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հանդիպել եք ընդամենը երկու անգամ: Կորցրե՞լ եք Ձեր ընկերոջը: 

– Մենք չենք վիճաբանել, չենք կռվել, բայց մեր հարաբերությունները վերածվել են ֆորմալ շփումների՝ ծննդյան օրերի շնորհավորանքների կամ մտերիմների մահվան դեպքում՝ ցավակցությունների տեսքով: Ինձ համար դա հեռավորության գիտակցված պահպանում էր այն քաղաքականությունից, որը ես, այս կամ այն չափով, չէի ընդունում: Մենք երկար տարիներ ընկերներ էինք, մամուլը միշտ սերտորեն կապում էր մեզ իրար հետ, եւ ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ, որ չեմ կիսում իշխանությունների քաղաքականությունը մի շարք ուղղություններով:

– Ձեր կալանավորումից հետո քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ առանձին քաղաքական գործիչներ հայտարարություններ արեցին: Սերժ Սարգսյանը լռեց:  Դուք չվիրավորվեցի՞ք: 

– Գիտե՞ք, նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Միեւնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ նա, անշուշտ, չի կիսել այն մարդկանց կարծիքը, որոնց ուրախացնում էր ինձ կալանավորելու փաստը:

– Վերջին ամիսներին, ինչպես նաեւ անցյալում, Դուք արտահայտել եք 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Բայց ես ցանկանում եմ հարցնել՝ Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ դեպքերի համար, որոնք 10 մարդու կյանք խլեցին: 

– Կարծում եմ՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության ինչ-որ բաժին կրում է ոչ միայն նախագահը, այլեւ շատ ուրիշներ: Երբ փորձում ես գնահատել իրավիճակը հետադարձ հայացքով, հասկանում ես, որ հնարավոր է՝ կատարվածից կարելի էր խուսափել, բայց կարող է եւ ավելի վատ լիներ: Մեղքի ինչ-որ զգացում ունի յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես:

-2008թ. մարտի 1-ին, Ազատության հրապարակում հանրահավաքը ցրելուց հետո, Ձեզ մոտ միտք չեղա՞վ զանգահարել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու փորձել կարգավորել իրավիճակը:

– Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ Կաթողիկոսը որոշել է գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց այն բանից հետո, երբ Կաթողիկոսին նույնիսկ չընդունեցին, հասկացա, որ շփման եզրեր գտնելու փորձերն անիմաստ են:

Իրավիճակը կարող էր զարգանալ բոլորովին այլ սցենարով, եթե իրագործվեր մարտի 1-ի կեսօրին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ նրանք կշարունակեն ցույցը Մատենադարանի մոտ: Բայց այդ պայմանավորվածությունը խախտվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ով կապի մեջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բարիկադներ կառուցելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու որոշում կայացվեց: Չեմ կարծում, որ այդ իրավիճակում իմ կողմից նման փորձերն արդյունավետ կլինեին:

Այդ իրադարձությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Ըստ էության, «Մարտի 1-ի» սկիզբը դրվեց 2007թ. սեպտեմբերի 21-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2008թ.-ի ընտրություններին: Նա մաքսիմալ ծայրահեղացրել էր նախընտրական քարոզարշավը: Իշխանություններին անվանում էր «ավելի վատը, քան թաթար-մոնղոլները», «ավազակապետություն», եւ այն, ինչ եղավ մարտի 1-ին, այդ ծայրահեղացման հետեւանքն էր: Այդ «պայթյունը» գիտակցաբար նախապատրաստվում էր Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից մի քանի ամիս շարունակ:

– …Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

– Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք:

– Կցանկանայի վերադառնալ նախկին իշխանությունների քննադատությանը, որը ժամանակ առ ժամանակ հնչեցնում էիք: Դուք ասում եք, որ եթե Ձեզ ինչ-որ բան անհանգստացնում էր՝ չէիք կարողանում լռել: Դեմ արտահայտվելով Սահմանադրության բարեփոխմանը Դուք, ամենայն հավանականությամբ, հասկանում էիք, որ դրա իրական նպատակը Սերժ Սարգսյանի՝ կառավարելու ժամկետը երկարացնելու ցանկությունն է: НТВ-ին վերջերս տված հարցազրույցում ասացիք, որ երրորդ ժամկետին գնալու նրա որոշումը սխալ էր: Ստացվում է, որ ամեն ինչ ճիշտ էիք ասում, բայց ոչ մի քայլ չէիք ձեռնարկում՝ բացասական սցենարները կանխելու համար: 

– Քայլերը, որոնց մասին Դուք խոսում եք, կնշանակեին վերադարձ քաղաքականություն, իսկ այն ժամանակ ես նման ծրագրեր չունեի: Ինձ շատ բան դուր չէր գալիս, սակայն, այնուամենայնիվ, չէի տեսնում սպառնալիքներ հայկական պետականության եւ Ղարաբաղի համար: Ինձ թվում էր, որ շատ բան է արվում, որպեսզի երկրի անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա լինի: Այժմ ես այդ վտանգը տեսնում եմ: Սա այն եզրագիծն է, որից հետո ստիպված եմ ասել. ո՞վ, եթե ոչ ես:

Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը 

Լուսանկարը՝ Էմին Արիստակեսյանի