Լրագրողների հետ ճեպազրույցում սեպտեմբերի 12-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին:
«Ես չեմ կարող գնահատականներ տալ նախաքննության մարմիններին և դատախազությանը․․․ դա ճիշտ չի: Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է: Եվ ներգրավված են եղել, արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավել, նախաքննությունը կհաստատի», ըստ Ազատության, ասել է Տոնոյանը:
Նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ին, բանակը կրակել է. «Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբների ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն՝ բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»: