Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում սեպտեմբերի 11-ի երեկոյան ունեցած ելույթում մանրամասներ է ներկայացրել 2008թ. մարտի 1-ի և դրան նախորդած իրադարձությունների վերաբերյալ:
«Արտակարգ դրությունը ոչ թե 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերն է հայտարարվել, այլ դա եղել է միայն պաշտոնական մասը: Դա հայտարարվել է 2008թ. փետրվարի 23-ին, և դա ապացուցված է, դրա համար կան անհրաժեշտ փաստեր: Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է: Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով՝ ներքին զորքերի զինծառայող, շարքային Տիգրան Աբգարյանը գեներալների աչքերի առաջ գնդակահարվել է Լեոյի փողոցում. «Բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաև ավտոմատներ: Մեր օպերատիվ տեղեկություններով մարտի 1-ի առավոտյան հենց հրահանգ է եղել ջարդուփշուր անել ժողովրդին: Այն փաստաթղթերը, որ հետո ցույց են տրվել, հետագայում են սարքվել: Եվ դրա մասին մենք ունենք շատ կոնկրետ օպերատիվ տեղեկություններ: Բարձրաստիճան պաշտոնյաները, ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով ստել են փաստահավաք խմբին: Այո, նախագահականից զինվորականները ստացել են հրահանգներ գնալ փաստահավաք խումբ և խաբել փաստահավաք խմբին, սուտ ասել: Նրանք նաև բանակը սարքել են իրենց անձնական վարձկաններ»:
Աղբյուրը՝ https://www.politica.am/?p=24541