Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, ինչպես նաև Սփյուռքի, հատկապես Լիբանանի հայության մոտ ստեղծված մթնոլորտն ու այն պաշտպանելու վճռականությունը:
Իբրև Հ.Յ.Դաշնակցության մեծ ընտանիքի ամդամ, Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակությունը վարչապետ Փաշինյանին փոխանցեց Թավշյա հեղափոխության հաջողության անհրաժեշտությունը և այդ առումով Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու նրա ամրապնդմանը։ Շեշտվեց, որ անխուսափելի խոչընդոտների և դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ է պահպանել ժողովրդային միասնությունը և գործակցային ոգին՝ կանխելու հաջողությանը խանգառող ցանկացած կասկածելի փորձ:
Հ.Յ.Դ պատվիրակությունը Հայաստանի վարչապետին նաև փոխանցեց Լիբանանի հայության անցյալից փաստված պատրաստակամությունն ու վճռականությունը՝ գործնական արձագանքելու Արցախի ու Հայաստանի հզորացման ջանքերին և միաժամանակ տագնապելու՝ այդ ճանապարհի վրա դրսևորվող որևէ բացթողումի կամ տատանումի ժամանակ:
Վարչապետ Փաշինյանին փոխանցվեց նաև Դաշնակցության ներկայացուցիչների պատրաստակամությունը Հայաստանի և Լիբանանի տարբեր ոլորտների մեջ խթանելու տնտեսական, ընկերային, քաղաքական, մշակութային և զբոսաշրջային կապերը:
Վարչապետ Փաշինյանը իր ուրախությունը հայտնեց կայացած հանդիպման կապակցությամբ, նշելով, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն, մանավանդ հեղափոխության ընթացքում նրանց ունեցած զորակցության քայլերի կապակցությամբ:
Փաշինյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է երկխօսության ու գործակցության շարունակությունը և քաղաքական առողջ ուժերի միասնության ճիգի արդյունավորումը՝ ի սպաս հեղափոխության հաջողության:
ՀՅԴ հանրային կապերի գրասնյակ
22.08.2018