Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ․ 7 օգոստոս, 1994

8500

1994թ. օգոստոսի 7-ին սկսվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ։

Այցը բացառիկ էր մի քանի առումով։ Նախ, այն կրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջ առաջին ու դեռևս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։

Տեր-Պետրոսյանի պատվիրակությունը բավականին ներկայացուցչական էր։ Պատվիրակության կազմում էին առաջին տիկինը, պետնախարար Վազգեն Սարգսյանը, արտգործնախարար Փափազյանը, էկոնոմիկայի նախարար Եղիազարյանը, ֆինանսենրի նախարար Բարխուդարյանը, ԿԲ նախագահ Ասատրյանը, նախագահի մամուլի քարտուղարը, անձնական բժիշկը։

Հայաստանի Նախագահի ինքնաթիռը վայրեջք է կատարում Վաշինգտոնի Դալլաս օդակայանում ամսի 7-ին ժամը 15:25-ին: Դրանից անմիջապես հետո Հայաստանի պատվիրակությունը ուղևորվում է «Ուիլիարդ» հյուրանոց, որտեղ և անցկացնում է առաջին երկու գիշերները։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը և Բիլ Քլինթոնը

Հաջորդ օրը առավոտյան ըստ արարողակարգի կանոնների, Հայաստանի Նախագահի պատվիրակությունը այցելում է Առլինգթոնի զինվորական գերեզմանատուն, ծաղկեպսակ դնում անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես նաև Նախագահ Ջոն Քեննեդիի և Ժակլին Քենեդիի գերեզմանին։

Նույն օրը, երեկոյան Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում ընդունում է Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային Հիմնադրամի ղեկավարներին։

Օգոստոսի 9-ի առավոտյան պատվիրակության հիմնական մասը տեղափոխվում է «Բլեյեր Հաուս» և սկսվում է այցի պաշտոնական մասը։ Նույն օրը Հայաստանի Նախագահը աշխատանքային ճաշ է ունենում ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ։ Ճաշից անմիջապես հետ Հայաստանի պատվիրակությունը մեկնում է Պենտագոն՝ հանդիպելու ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ուիլիամ Փերիի հետ։

Կենտրոնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տիկինը

17:00-ին Սպիտակ Տան Օվալաձև Աշխատասենյակում սկսվում է Հայաստանի Նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահ Քլինթոնի հետ։

Նախագահ Քլինթոնի գրադարանում պահպանվել է Հայաստանի Նախագահի այցի արարողակարգային ժամանակացույցը, իսկ այցի պատասխանատու էր նշանակված ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ Նախագահի խորհրդական Էնթոնի Լեյքը։

Հանդիպման արարողակարգն այսպիսի տեսք ուներ․

· 5:30:-7:30 Հանդիպում Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ

· 5:30 Նախագահ Քլինթոնը ողջունում է Նախագահ Տեր-Պետրոսյանին (մամուլի մասնակցությամբ)

· 5:35-6:05 Նախագահների փակ հանդիպում Օվալաձև աշխատասենյակում։

· 6:15 Նախագահ Քլինթոնը Նախագահ Տեր-Պետրոսանին ուղեկցում է «Կանաչ Սրահ»։

· Նախագահներն ու Առաջին տիկնայք ծանոթանում են միմյանց «Արևելյան Սրահ»-ում:

· Նախագահը Քլինթոնի խոսքը։

· Նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքը։

· Նախագահներն ու առաջին տիկնայք գնում են «Կապույտ Սրահ»` հերթով ողջունելու հյուրերին։

Ընդունելության ավարտից հետո Նախագահ Քլինթոնն ու առաջին տիկին Հիլարի Քլինթոնը ճանապարհում են Նախագահ Տեր-Պետրոսյանին և ՀՀ առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, ուղեկցելով Սպիտակ Տան հյուսիսային մուտք՝ Սյունազարդ սրահ։

Տեքստը և լուսանկարները՝ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքի էջից