Հայկական ուսումնասիրությունների ԱՆԿ կենտրոնը հունվարի 26-ին “Նոյյան Տապան” լրատվական գործակալության սրահում ներկայացրեց Բեյրութի “Ազդակ” օրաթերթի բացառիկ հատորը:
Լրագրող, ԱՆԻ կենտրոնի փորձագետ Թաթուլ Հակոբյանը նշեց, որ տարիներ ի վեր “Ազդակի” բացառիկ հատորները ներկայացվում են Երևանում: Նա ասաց, որ բացառիկը ամփոփում է անցնող տարվա Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունները: “Այս բացառիկները հայագիտական կարևոր հատորներ են”, ասաց Հակոբյանը:
“Ազդակ” օրաթերթի և բացառիկ հատորների մասին խոսք ասացին շնորհանդեսին ներկա ազգագրագետ Հարություն Մարությանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը, Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը, “Ազդակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Այս տարվա բացառիկին աշխատակցել են շուրջ հինգ տասնյակ լրագրողներ, հեղինակներ, քաղաքագետներ Հայաստանից և Սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Շուրջ 350 էջերից կազմված բացառիկի հրատարակությանը աջակցել են տեր և տիկին Ալեքօ և Անի Պեզիքեանները:
Շնորհանդեսին ներկա էին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանը, լիբանանահայ քաղաքական գործիչ Մկրտիչ Մկրտչյանը, “Փյունիկ” հիմնադրամի համանախագահ Գաբրիել Չեմբերջյանը, հասարակական-քաղաքական գործիչներ Հայաստանից և Սփյուռքից, հայագետներ, լրագրողներ: