Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ. Արսեն Համբարձումյան

941

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրել է ԱԺ 45 պատգամավոր, այդ թվում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու երկու փոխնախագահները: Yerkir.am-ը  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետարքրվեց, թե  ինչպիսի՞ն է Դաշնակցության դիրքորոշումը ստորագրահավաքի կապակցությամբ։

«ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին։ Այս մոտեցումը մեր հայտարարության տրամաբանության համատեքստում է»,-ասաց Համբարձումյանը:

ՀՅԴ  ԳՄ ներկայացուցչի խոսքով` Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ՝ օբյեկտիվ, անաչառ և համակողմանի քննությամբ, այդ իրադարձություններին առնչված անխտիր բոլոր կողմերի ներգրավմամբ և ոչ թե միայն մի կողմի։

«Այս առումով Ռոբերտ Քոչարյանի և օրվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առաջադրված մեղադրանքները և ընտրված խափանման միջոցները թողնում են ընտրովի արդարադատության և կողմնակալ քննության տպավորություն։ Եվ սա մտահոգիչ է։ Խնդիրը Քոչարյանի և մյուսների մեղավոր կամ անմեղ լինելը չէ։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եվ մեղավորությունն ապացուցվելու դեպքում բոլորը պետք է պատժվեն, բայց նոր Հայաստանում արդարադատությունն որևէ պարագայում չպետք է լինի կողմնակալ»։

Աղբյուրը՝ https://www.yerkir.am/news/view/154873.html