Արամը կամաւոր է գնում. Յովհաննէս Քաջազնունի

3536

Այս պատմվածը Հովհաննես Քաջազնունին գրել է իր ավագ որդու՝ Արամի մասին, ով 1920 թվականի հունիսին զոհվեց Զանգիբասարում, այսօր՝ Մասիս, հայ-թաթարական/ադրբեջանական բախումների ժամանակ:

—–

1914 թուականին էր, ուշ աշուն:

Չորս տարի դրսերում թափառելուց յետոյ, ես նոր էի վերադարձել տուն ու ապրում էի Թիֆլիսում՝ կէս-լեգալ դրութեան մէջ:

Պատերազմը յաղթական էր մեր ճակատում, ամենիս տրամադրությունը շատ բարձր: Թիֆլիսում եռանդօրէն կազմակերպւում էին հայ կամաւորական խմբեր ու մէկը միւսի ետեւից ուղարկւում ճակատ, առաջապահ դիրքերը:

Մի երեկոյ Արամը մտաւ սենեակս, իրան յատուկ զուարթ ու անուշ ժպիտը երեսին:

– Հայրիկ, մի բան պիտի ասեմ քեզ:

– Ասա:

– Ուզում եմ կամաւոր գրուել:

– Կամաւո՞ր… Չգիտես, ուրեմն, որ տասնեւութ տարեկանից վար կամաւորներ չեն ընդունում:

– Գիտեմ: Բայց ընդունողները քո բարեկամներն են… եթէ խնդրես, շատ խնդրես – գուցէ չմերժեն:

– Գուցէ: Բայց հէնց այդ է, որ ես չեմ անի:

Ժպիտը վայրկենապէս չքացաւ երեսից, յօնքերը կիտեց, մնաց լուռ:

– Ասե՞լ ես մայրիկին:

– Մայրիկը համաձայն է… եթէ դու համաձայնիս:

– Լսիր, ուրեմն, ինչ եմ ասում: Այս պատերզմը դեռ երկար է տեւելու, եւ դու ժամանակ կ’ունենաս թուրքի հետ չափուելու… եթէ անպատճառ ուզում ես չափուել: Մի քանի ամիս է մնացել, որ  աւարտես դպրոցը: Վերջացրու ուսումդ, իսկ գարնան … այո, գարնան էլ դու տակաւին լրացրած չես լինի տասնեւութը տարիդ, բայց ես քեզ խօսք եմ տալիս, որ այն ժամանակ կը խնդրեմ – շատ կը խնդրեմ – որ վերցնեն քեզ: Բայց միայն գարնան, երբ ուսումդ աւարտած լինես… Լա՞ւ:

Արամը կանգնած էր առաջս, յօնքերը յամառօրէն կիտած, աչքերը յատակին սեւեռած. խոր մտածումների ու տատանումների մէջ է…

Յանկարծ, աչքերը բարձրացրեց ու ժպիտը նորից լուսաւորեց դէմքը. վճռել էր անելիքը:

– Լաւ, ասաւ, թող այդպէս լինի:

Ու այլեւս խօսակցութիւն չունեցանք այդ նիւթի մասին:

Անցան ամիսներ:

Հասավ գարունը: Արամը, միշտ անփոյթ ու յաճախ ծոյլ Արամը չէր պոկւում դասագրքերից. քննութիւններին էր պատրաստւում:

Ու ահա մի օր (Մայիսի վերջին օրն էր, եթէ չեմ մոռացել), ճաշի ժամանակ Արամը աղմուկով ներս ընկաւ, ձեռքի գրքերը մի անկիւն շպրտեց ու յաղթականօրէն յայտարարեց.

– Պրծայ, վերջացրի… վերջին քննութիւնը տուի…

– Ապրիս, ասի,- դէհ, հիմա նստիր հաց կեր:

– Յիշո՞ւմ ես, հայրիկ, որ մի բան ես խոստացել ինձ:

– Շատ լաւ յիշում եմ: Իսկ դու չե՞ս փոխել միտքդ:

– Ոչ, չեմ փոխել:

– Պատրաստուիր, ուրեմն, վաղը կ’երթանք միասին:

Առաւօտեան տեսնում եմ, Արամը մի բացառիկ, իր համար միանգամայն անսովոր խնամքով արել է տուալետը. մաքուր. մաքուր ածիլուել է, մազերը սանրել, կոկել, կօշիկները հայելու պէս փայլեցրել, բլուզն ու շալուարը այնպէս մաքրել, որ մի բիծ, մի փոշի չէ թողել վրան:

Երեխաները շրջապատել են Արամին, թռչկոտում են, աղմկում, հիանում ու հեգնում միաժամանակ.

– Արամը կամաւոր է գնում… Արամը կամաւոր է գնում…

Արամը ժպտում է մի քիչ ամօթխած ու թոյլ է տալիս, որ ծաղրեն իրան. այնքա՜ն երջանիկ է ներքուստ, որ՝ հակառակ իր կրքոտ, անհամբեր ու շուտ բռնկուող խառնուածքին՝ այսօր պատրաստ է հեզութեամբ տանելու ամէն չարաճճիութիւն:

Դիտում եմ աչքիս տակով Արամին ու մտածում. սա նոյն հոգեկան ապրումն է ինչ ունենում է մի հաւատացեալ ու շատ մաքուր պատանի, երբ պատրաստւում է սուրբ հաղորդութիւն ընդունելու… Արամը պատրաստւում է հաղորդուելու:

Ապա նայում եմ մայրիկին, որ թէյի սեղանն է պատրաստում: Մայրիկը լուռ է, զուսպ ու հանգիստ, մի քիչ գունատ… Արդեօք ի՞նչ մտքերի է այս կինը, որ պատերազմի դաշտ է ուղարկում իր դեռահաս զաւակը:

Մեր խօսակցութիւնը՝ նախորդ երեկոյ՝ շատ կարճ էր. թո՛ղ գնայ, ասաւ, միւս գնացողները նոյնպէս մայրեր ունեն…

Մի անասելի թախիծ ճմլում է սիրտս. որքա՜ն նեղութիւն ու զրկանք կրելու է այս պատանին – համարեա երեխան – ի՞նչ փորձանքների է հանդիպելու, ե՞րբ պիտի վերադառնայ ու ի՞նչ վիճակում… եւ պիտի վերադառնա՞յ արդեօք:

Բայց եւ այնպէս տրամադրութիւնս բարձր է, տօնային. իմ անդրանիկ տղան՝ մեր տան տղամարդը գնում է Հայրենիքը պաշտպանելու… Այս միտքը ուռցնում է կուրծքս, լցնում է գոհութեան եւ հպարտութեն զգացումով…

Իսկ եթէ զոհուելու է… Բայց չէ՞ որ մայրիկը հարկ եղած պատասխանը տուեց արդէն այդ վախին:

Թէյը վերջացրինք երեխաների ուրախ ճիչերի մէջ:

Գնում ենք:

Կուկիայից մինչեւ Բէհբութեան փողոցը երկար է ճանապարհը:

Գնում ենք կողք-կողքի, զինուորական արագ ու չափուած քայլով: Ականջումս շարունակ հնչում է Մարսէյէզի մարտական գոռ կոչը:

Կամաւորական Բիւրոյում կեանքը եռում է:

Արամին թողնում եմ սպասելու ընդունարանում, իսկ ինքս անցնում եմ շէֆերի սենեակը:

Այստեղ են Ռոստոմը, Յովսէփ Արղութեանը, Խ. Կարճիկեանը, Աբ. Գիւլխանդանեանը…

– Իմ մեծ տղան եկել է կամաւոր գրուելու, ասի: Տասնեւութը տարին դեռ չլրացրած – աշնան կը լրացնի – բայց ես իրան խօսք եմ տուել, որ պիտի խնդրեմ, շա՛տ խնդրեմ… Ու ահա խնդրում եմ, շա՛տ եմ խնդրում… Առողջ ու պինդ տղայ է. եւ անվախ:

Ռոստոմը ծիծաղեց:

– Չասի՞ ձեզ, որ արդէն հասունացել է երկրորդ սերունդը՝ հայրերին փոխարինելու համար… Ահա գալիս է երկրորդ սերունդը:

Ապա վեր կացաւ, ընդունարանի դուռը բացեց, կանչեց.

– Արամ, նե՛րս արի:

Արամը ներս եկաւ, մի թեթև գլուխ տուեց ու կանգնեց անշարժ, կրունկը կրունկին, ձեռքերը կողքին, իրանը ուղիղ, գլուխը բարձր:

Ռոստոմը նայեց Արամի այս խիստ-զինուորական կեցուածքին ու նորից ծիծաղեց:

– Ուրեմն, կռուե՞լ ես ուզում:

– Այո՛, պարոն Ստեփան:

Երկար չէին ձեւականութիւնները, հետեւեալ օրը Արամը արձանագրուած էր կամաւորների ցուցակում, իսկ չորս-հինգ օր յետոյ հագած էր արդէն զինուորական զգեստը, փոքրիկ պայուսակը հաւաքած-կապած՝ պատրաստ մեկնելու:

Պէտք է երթար Երեւան՝ պահեստի գունդի մէջ մի քանի շաբաթ մարզուելու: Չուզեց, որ մէկը գնայ կայարան՝ իրան ճամբու ձգելու. օրգանապէս չէր տանում ոեւէ ցուցադրութիւն: Միայն ինձ համար էր բացառութիւն արել:

Ես գնացի հետը:

Կայարանը սովորականից աւելի աղմկալի էր, վագոնները՝ լեփլեցուն: Արամը հազիւ կարողացաւ գտնել մի անկիւն զինուորներին յատկացրած վագոնում –  ամբողջ գիշերը ոտի կանգնած պիտի երթար – դրեց պայուսակը ու իջաւ վար՝ ինձ «մնաս բարով» ասելու:

– Ցտեսութի՛ւն, հայրիկ:

– Ցտեսութի՛ւն, սիրելիս:

Ու պինդ սեղմեցինք իրար ձեռ:

Մօտս կանգնած էր Համբ. Տէրտէրեանը. որքան յիշում ե, մի խումբ կամաւորներ էր բերել Նոր-Նախիջևանից ու այժմ Երեւան էր տանում:

– Տնաշէ՛ն, ասաւ, գոնէ համբուրուեցէք…

– Չէ, ասի, դեռ ժամանակը չէ… կը համբուրեմ, երբ յաղթութեամբ վերադառնայ պատերազմից:

Եւ համբուրեցի – իրաւունք ու երջանկութիւն ունեցայ համբուրելու իմ զինուորին, որ արդէն երկու անգամ վիրաւորուած էր պատերազմի դաշտում:

Բայց ինձ չէր վիճակուած վերջին համբոյրը տալու. շա՜տ հեռու էի Երեւանի հանգստարանից – Ամերիկայումն – երբ Արամի անշունչ մարմինը՝ արեան մի փոքրիկ բիծ ճակատին՝ զինուորական պատիւներով յանձնել էին հողին:

Յ. Քաջազնունի

Արամ Քաջազնունու և Հովհաննես Քաջազնունու լուսանկարները տրամադրել է Մայքլ Բաբայանը