Համեստ նվեր է համեստ մարդու հիշատակին. Քաջազնունու երկերի հատորը՝ տպարանում

1247

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ այսօր Լուսակն տպարանում սկսվել է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, ՀՀ հիմնադիր հայրերից Հովհաննես Քաջազնունու երկերի հատորի տպագրությունը, որը ներառում է նրա՝ 1918-1924 թվականներին գրած հիմնական հինգ աշխատությունները.

  1. Հայաստանի Հանրապետությունը,
  2. Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին,
  3. Հ․Յ․ Դաշնակցությունն անելիք չունի այլևս,
  4. Ազգ և հայրենիք,
  5. Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան:

Հատորում տեղ են գտել նաև Քաջազնունու՝ վարչապետի պաշտոնում ծրագրային առաջին ելույթը Հայաստանի Խորհրդում՝ խորհրդարանում, 1919 թվականի վերջերին Նյու Յորքի ճառը և իր որդու՝ Արամի կամավոր գնալու և 1920թ. հունիսին կռվում զոհվելու մասին գրությունը:

Հատորի համար Քաջազնունու կարճ կենսագրական և առաջաբան է գրել ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Գիրքը լույս կտեսնի օգոստոսի 15-ին:

Եթե որևէ անհատ կամ կազմակերպություն ցանկություն ունի ամբողջովին կամ մասամբ մասնակցել այս հատորի տպագրական ծախսերին, ապա պետք է այդ մասին տեղեկացնել՝ գրելով էլեկտրոնային հետևյալ հասցեին՝ aniarcf@gmail.com կամ զանգահարել 091 426435 և 098 655321 հեռախոսահամարներով: ԱՆԻ կենտրոնը պատշաճ կերպով բարերարի անունը կնշի հատորի առաջին էջերում, ինչպես նաև կբարձրաձայնի շնորհանդեսների ընթացքում:

2018-ին լրանում է ՀՀ հիմնադրման 100-ամյակը, Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և մահվան 80-ամյակը:

Այս հատորը համեստ նվեր է համեստ մարդու հիշատակին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն