«Հայաստանի թավշյա հեղափոխությունը». Թաթուլ Հակոբյանը օգոստոսի 31-ին՝ Տորոնտոյում

996

2018 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան Տորոնտոյում՝ Կանադա (հանդիպման կազմակերպիչների, տեղի և ժամի վերաբերյալ՝ ավելի ուշ կգրենք) «Հայաստանի թավշյա հեղափոխությունը. ինչպես դա եղավ և հետո ինչ է լինելու» թեմայով դասախոսություն կկարդա լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Տորոնտոն կլինի Հակոբյանի՝ ԱՄՆ-ի և Կանադայի մոտ մեկ տասնյակ քաղաքներում դասախոսությունների շարքի կանգառներից: Մինչ այդ նախատեսվում են նրա ելույթները Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, ապա՝ Չիկագոյում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Վաշինգտոնում:

Հանդիպումների ընթացքում Հակոբյանը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին կպատմի ներսից, կփորձի բացատրել, թե ինչպես հնարավոր եղավ իշխանությունից անարյուն հեռացնել Սերժ Սարգսյանին, ովքեր էին հեղափոխության հիմնական դերակատարներն ու խմբերը, ինչ մարտահրավերների առաջ է կանգնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա տարիներին:

Յուրաքանչյուր դասախոսության ավարտին Հակոբյանը կներկայացնի իր և իր կենտրոնի վերջին հրատարակությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու  աշխատությունները, երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը», Ռուբեն Տեր Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը», Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» և այլ հատորներ:

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան է (2009-ից ի վեր), ՍԻՎԻԼՆԵԹ-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն