Հադրութի Թաղասեռ գյուղում համայնքային կենտրոն է բացվել

2921

Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված համայնքային կենտրոնի բացումը:

Թաղասեռում համայնքային կենտրոն է բացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հուլիսի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Հադրութի շրջանային «Դիզակ» պաշտոնաթերթից՝ մանրամասնելով, որ կառույցը մեկ հարկի տակ է կենտրոնացրել գյուղապետարանը, գրադարանը, բուժկետը, համակարգչային և հանդիսությունների սրահները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջոցառմանը շնորհակալական խոսքերով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը, Թաղասեռ համայնքի ղեկավար Կարեն Հովսեփյանը, հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Միշել Տանկրեզը:
 
Գեղարվեստական ծրագրով հանդես են եկել համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները, Հադրութի արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև N զորամասի զինվորական նվագախումբը:
 
Այնուհետև շրջանի հովիվ Տեր Մատթևոս քահանա Դրավանցը կատարել է համայնքային կենտրոնի օրհնության կարգ, որից հետո ժապավենը կտրելու պատիվը տրվել է Թաղասեռ համայնքի ղեկավար Կ. Հովսեփյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Մ. Տանկրեզին:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձիք, հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր:
Լուսանկարները՝ «Դիզակ» պաշտոնաթերթի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի