ՀՖՖ հերթական 25-րդ ժողովը՝ դեկտեմբերի 18-ին

1423

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հոկտեմբերի 31-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց, որ ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը կկայանա ՀՖՖ գրասենյակում դեկտեմբերի 18-ին՝ 12:00-ին:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում երկու թափուր տեղի առկայությամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 25-րդ հերթական ժողովը ընտրական է։ ՀՖՖ Կանոնադրության 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներից առնվազն երեքը պետք է լինեն կին, ուստի ՀՖՖ Գործադիր կոմիտեի ներկայիս կազմով պայմանավորված՝ մեկ թափուր տեղը պետք է համալրի կին անդամ։

Հավելենք, որ ՀՖՖ Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ անդամները կարող են Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով։

ՀՖՖ անդամները հնարավորություն ունեն ներկայացնելու թեկնածուներ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում։ Թեկնածություն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ օրենսդրության, ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի համապատասխան կարգավորումները։

Համապատասխանության ստուգում անցնելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնի ՀՖՖ մինչև 2024 թվականի նոյեմբերի 18-ը՝ 24:00-ն, ffa@ffa.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։

Նշենք, որ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի հաստատած վերջնական եւ պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ անդամներին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։

Օրակարգի մյուս հարցերով հաստատվեցին նաեւ ՀՖՖ Ակումբների արտոնագրման 2025/2026 մրցաշրջանի կանոնակարգը, ՈՒԵՖԱ Կանանց ակումբային մրցաշարերի ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգը, ինչպես նաեւ ՀՖՖ Ֆուտզալի 2024/2025 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության անցկացման կանոնակարգը:

Նիստի ընթացքում ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախագահ ընտրվեց Տիգրան Ղարաբաղցյանը, կոմիտեի անդամ՝ Մարիամ Խաչատրյանը «Սարդարապատ» ակումբից: Առաջնությունների կազմակերպման կոմիտեի կազմում կատարվեց փոփոխություն. այսուհետեւ Տիգրան Ղարաբաղցյանին փոխնախագահի պաշտոնում կփոխարինի ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը: