Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 29-ին. առաջ կգա ժողովրդի թեկնածուին որպես վարչապետ ընտրելու հարցը

1325

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ազատություն»․ – Կարծում եք, որ ժողովրդի կրիտիկական զանգվածը եթե հավաքվի, դա իսկապե՞ս ստիպելու է, որպեսզի Սերժ Սարգսյանը չընտրվի վարչապետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյան․ – Մենք իրազեկել ենք Երևանի քաղաքապետարան, որ պետք է երթեր անցկացնենք, ցույցեր անցկացնենք: Եվ քաղաքացիական անհնազանդության գործողություններ կարող են լինել, որոնք ֆիզիկապես հնարավորություն չտան էդ գործողություններն իրականացնել Հանրապետական մեծամասնությանը: Այդ թվում՝ կարող են ուղղակի էդ համակարգի գործոնեությունը կաթվածահար անել․․․ ոչ թե բռնությամբ․․․ իրենց ներկայությամբ, ուղղակի որևէ տեղ կանգնած լինելով:

«Ազատություն»․ – Օրինակ, Բաղրամյան փողոցը փակելով: Եվ պատգամավորները հնարավորություն չունենան այդ օրը գալ Ազգային ժողով և ընտրել:

Փաշինյան․ – Օրինակ: Դուք ասում եք մի սցենար, որը կարող է լինել: Եթե նույնիսկ հինգ հարյուր հոգի լինի, մենք այդ հինգ հարյուր հոգու կամարտահայտությունը ի ցույց դնելուն ուղղված գործողություններ կանենք: Էս շարժումը չի կարող լինել ուղղակի ելույթների շարժում: Սա կլինի գործողությունների շարժում: Թեկուզ փոքրաթիվ, թեկուզ մի հոգով․․․ Եվ էն, ինչ որ մենք անելու ենք, դա սկզբից մինչև վերջ լինելու ա գործողություն: Հնարավորինս քիչ խոսքեր, և հնարավորինս շատ գործողություններ: Որովհետև, ես մտածում եմ, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանի մասին հնարավոր ամեն ինչը ասել եմ: Իհարկե նոր ասելիքներ էլ կան, որոնք նույնպես կարևոր են: Բայց ես ուզում եմ արձանագրենք հետևյալ իրողությունը․ որ պրոցեսը կանգնեցնելու համար մեզ պետք է բազմահազար մարդկանց ներկայություն: Այդ մարդկանց ներկայության հարթակը մենք կստեղծենք, մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ պրոցեսի նկատմամբ որոշակի վստահություն ձևավորվի, որոշակի հույս ձևավորվի, որոշակի հավատ ձևավորվի: Ես հիմա ուզում եմ հույս հայտնեմ և հավատամ, որ Հայաստանի քաղաքացիները իրենց կամքը կարտահայտեն: Հիմա շատերը հարցնում են, ասում են՝ Սերժ Սարգսյանին չընտրեն, ուրիշին կընտրեն․․․ Արդեն արձանագրեցինք՝ որոշ թեկնածու չկա: Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կասեցնելու մասին, և եթե դա հնարավոր լինի անել, առաջ կգա ժողովրդի թեկնածուին որպես վարչապետ ընտրելու հարցը: Եթե երկրորդ անգամ Ազգային ժողովը, օրինակ, չկարողանա վարչապետ ընտրել, դրանից հետո օրենքի ուժով պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա սահմանադրությամբ գրված է․ ոչ թե ինչ-որ որոշում պետք է ընդունվի, օրենք պետք է ընդունվի: Եթե երկու անգամ նշանակված ժամկետում Ազգային ժողովը չի ընտրում վարչապետ, իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Հարցազրույցը ամբողջությամբ