«Կեղծ ընդդիմությանը այս պայքարում հաջողություն ենք մաղթում», 20 մարտի, 2018թ

1159

2015 թվականին Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարած և այն Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր որակավորած ՀԱԿ-ում այս պահին հետևում են իրավիճակին, խոստանում են իրենց տեսակետը առաջիկայում հայտնել։

Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ, ապրիլի 9-ին պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը տեխնիկական հարց է և դրա համար խոչընդոտ այլևս չկա։

Նա պնդեց, որ պետք էր պայքարել 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ակնարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին, ովքեր երեկ հայտարարեցին Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի մասին, Զուրաբյանը հիշեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այս ուժը գործընթացը «կեղծ օրակարգ» որակեց, իսկ խորհրդարանական ընտրություններից հետո էլ հայտարարեց, որ «ժողովուրդն է ընտրել հանրապետականին»։

«Եթե վերարտադրման երկու գլխավոր ճակատամարտերում ոչ միայն չես պայքարել, այլ նաև օգնել ես, որ այդ ճակատամարտերը գնան դեպի պարտություն, դրանից հետո գնալ և մասնակցել մի ճակատամարտի, որն այլևս գոյություն չունի, մեր կարծիքով, անիմաստ է», – ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ այս պայքարին չեն աջակցելու, բայց չեն էլ քննադատելու, քանի որ այդպես կնմանվեն, իր բնորոշմամբ, «կեղծ ընդդիմությանը», որն իրենց պայքարը կեղծ օրակարգ էր համարում։

«Հիմա կարող են գտնվել մարդիկ, ովքեր ասում են՝ «էն ժամանակ հավատացինք Սերժ Սարգսյանին, որ ինքը չի լինելու, հիմա որ ինքը խաբում է, մենք դուրս ենք գալիս փողոց», բայց հարց է ծագում՝ էդ ժամանակ դուք էդքան միամի՞տ էիք, կներեք, եթե դուք այդքան միամիտ եք, եթե ձեզ այդքան հեշտ է խաբելն, ուրեմն ինչի՞ եք ակնկալում, որ ժողովուրդը պետք է ձեզ հավատա», – ասաց Զուրաբյանը՝ եզրափակելով. – «Ամեն դեպքում կեղծ ընդդիմությանն էլ ենք այս պայքարում հաջողություն մաղթում։ Անգամ առանց հավատալու իրենց հաջողությանը, մաղթում եմ հաջողություն»։

Երեկ Սերժ Սարգսյանի իշխանավարման, ինչպես իրենք են ձևակերպում, «երրորդ ժամկետի դեմ» պայքար սկսելու մասին հայտարարեց պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Շաբաթ օրն էլ Սարգսյանի հեռանալու պահանջով բողոքի ցույց է անցկացնելու «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը։ Այս նախաձեռնությունը 2015-ին «ՈՉ»-ի ճակատի կազմում պայքարում էր սահմանադրական փոփոխությունների դեմ։

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ասաց, որ միավորվել են այլ քաղաքացիական նախաձեռնությունների անդամների հետ, հիմնական պայքարը լինելու է փողոցում, իսկ նպատակը, որ «Սերժ Սարգսյանը տուն գնա»։

«Գլխավոր կարգախոսն է «Մերժիր Սերժին», գլխավոր խնդիր ենք դրել, որ Սերժ Սարգսյանը չլինի, բայց պայքարի ընթացքից, ես կարծում եմ, որ պահանջների մի մասը, եթե քաղաքացիներ միանան, եթե փողոցում 50 հազար քաղաքացի լինի, ես կարծում եմ, որ միշտ էլ հնարավոր է պահանջներն ընդլայնել և ավելի լայն օրակարգ ձևավորել քաղաքացիների հետ։ Այս պահին Սերժ Սարգսյանի հեռացումն է, բայց օրակարգը նաև կախված է, թե ինչպիսի փողոց է ձևավորվելու», – «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Ազատություն

Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը լուծված է. Լևոն Զուրաբյան

Այսօր պառլամենտում ներկայացված բոլոր չորս ուժերը, ըստ էության, միասնաբար՝ ձեռք-ձեռքի տալով իրականացրեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը, երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես կարող եմ հստակ ասել, որ այսօր պառլամենտում ներկայացված բոլոր չորս ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Ելք»-ը, ըստ էության, միասնաբար, ձեռք-ձեռքի տալով իրականացրեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը՝ լեգիտիմացնելով սահմանադրական հանրաքվեն, փորձելով շեղել ժողովրդի պայքարն, այնուհետև այդ նույն ուժերը հայտնվեցին պառլամենտում, չգիտես ինչու, ով որ ակտիվորեն ընդդիմացավ, ոչ մի շանս չունեցավ խորհրդարան անցնելու, բայց այդ ուժերը հայտնվեցին պառլամենտում», – ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ այս ուժերը նաև «լեգիտիմացրին Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման երկրորդ էտապը»։

«Այսինքն՝ իրենք ասացին, որ այդ ընտրություններն օրինական էին, ըստ էության ասելով, որ ժողովուրդը գնացել է և իր ձեռքով քվեարկել Հանրապետականի օգտին։ Այսինքն՝ այս երկու էտապում, երբ որ որոշվում էր Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդիրը, ըստ էության, մենք տվեցինք էդ պայքարը, ճիշտ է եղել են այլ քաղաքական ուժեր, որոնք մեզ օգնել են, միացել են, կամ առանձին տարել են այդ պայքարը», – ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանը Սերժ Սարգսյանի «վերարտադրության հարցը լուծված է» համարում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն իրականում ցանկանում է ևս մեկ անգամ «ուզուրպացնել իշխանությունը»։

«Եթե ինչ-որ մարդկանց համար գաղտնիք է հիմա, որ մեկ էլ տեսար պարզվում է Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել դառնալու վարչապետ, մենք դա ոչ միայն երբեք գաղտնիք չենք համարել, այլ բացահայտել ենք այդ գաղտնիքը, և հակառակ Սերժ Սարգսյանի խոստումների, ընդ որում հանրային խոստումների, որ ինքը չի աշխատի ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ նոր Սահմանադրության համակարգում, մենք ասում ենք, որ դա պարզ խաբեություն է, և որ Սերժ Սարգսյանն իրականում ցանկանում է ևս մեկ անգամ ուզուրպացնել իշխանությունը, ինչը որ և կատարվեց Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ, իսկ այնուհետև նաև 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կեղծմամբ», – հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։

26 մարտ, 2018

Ազատություն