Հայհոյել, վիրավորական խոսքեր ասել եմ, բայց չեմ հիշում՝ ինչ․ Արցախի հերոս Ժաննա Գալստյան

2708

Արցախի Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը պահանջել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Խանումյանի ելույթը դուր չի եկել ԱՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանին: Վերջինս ԱԺ նիստի ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Հայկ Խանումյանի հասցեին, եւ Խանումյանի կողմից նույնաբովանդակ պատասխաններ ստացել: ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ-ի հետ զրույցում Ժաննա Գալստյանը չի հերքել, որ հայհոյել է, սակայն ասել է, որ չի հիշում հայհոյանքների սեռական բնույթը:

– Տիկին Գալստյան, Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն է տարածել ու գրառում արել, որտեղ ասում է, որ ԱՀ ԱԺ նիստի ժամանակ իր ելույթից հետո Դուք սեռական բնույթի հայհոյանքներ եք հնչեցրել: Ի՞նչ կասեք այս մասին:

– Հայհոյել եմ, բայց սեռական բնույթը կասկածի տակ եմ առնում: Այսինքն՝ սեռական բնույթի ո՞նց: Չեմ պատկերացնում: Վիրավորական խոսքեր ասել եմ, բայց չեմ հիշում՝ ինչ: Մանավանդ՝ բարբառով եմ ասել: Բայց բնույթը ի՞նչ կապ ունի, չնայած, որ հայհոյել եմ՝ միանշանակ է:

– Խանումյանի ելույթում ի՞նչը վրդովեցրեց Ձեզ:

– Վերջին ժամանակներս պատեհ, անպատեհ, լինի պատգամավորական հայտարարություն, լինի օրենքի քննարկում, օրինակ՝ այսօր բյուջեի կատարողականի քննարկում էր, կարծիքներ էին հայտնում համապատասխան խմբակցությունների պատգամավորները, ինքը սկսեց վիրավորել: Երեկ է դեռ սկսել, ինքը շատ անհարգալից, փողոցային ձեւով դիմեց մեր երկրի նախագահին, համաժողովրդական ընտրված նախագահին:

– Կոնկրետ ո՞ր մասը դարձավ Ձեր բարկության պատճառը:

– Կարդացել ե՞ք, գրե՞լ է, որ ասել է՝ Բակո Սահակյանը իր բարեկամների վերջին հավանոցն էլ վաճառելու է պետության վրա: Հասկանո՞ւմ եք: Լրիվ, լրիվ, ինքը զրպարտում է նախագահին: Ա՛յ տղա, դու չհասկացա՞ր, որ երկրի նախագահը հայտարարություն արեց, ասաց, որ ես չեմ գնալու քսան թվականի ընտրություններին: Մի տարի ինը ամիս ժամանակ ունես, Հա՛յկ Խանումյան, պատրաստվի՛ր ընտրություններին: Ինչո՞ւ եք ուզում անընդհատ խաթարել թշնամու բերնի երկրի իրավիճակը: Մանավանդ մեկ տարի ինն ամսից ընտրություններ են, պատրաստվե՛ք, էլի: Հայաստանը, հասկանում ենք, ցայտնոտի մեջ է, ժամանակը չի հերիքում արտահերթ ընտրություններին պատրաստվելու, իսկ դուք ժամանակ ունեք, գնացեք: Ինչո՞ւ եք Ազգային ժողովի հարթակը օգտագործում դրա համար: Մենք հո միտինգի՞ չենք:

– Տիկին Գալստյան, պատասխանելու այլ տարբերակ չգտա՞ք, բացի հայհոյելը:

– Ես իրեն ասացի՝ գիտե՞ս ինչ, տղա՛ ջան, սա միտի՞նգ է քո համար, ու ինքը ինչ-որ բան պատասխանեց, ես հիմա չեմ հիշում: Չգտա ուրիշ տարբերակ, ուղղակի չգտա: Երբ իմ երկրի խորհրդանիշերը վիրավորում են, ինձ մոտ սկսում է աշխատել խրամատային բնազդը: Կներեք, խրամատում մեր էթիկետը մի քիչ ուրիշ է:

– Այս միջադեպից հետո ձեր հարաբերությունները նորմա՞լ են լինելու:

– Իհարկե: Ի՞նչ իմանամ, ես քրիստոնյա եմ: Էդ երեխու վիրավորանքները ես հենց առաջին րոպեին եմ ներել: Բայց թույլ չեմ տալու, որ ինքը իմ պետությանը վիրավորի, քանի՞ անգամ ինքը անհիմն վիրավորի: Ես ասել եմ, ինքը պատասխանել ա, կամ ինքն ասել, ես պատասխանել եմ: Իհարկե, ներելու եմ:

– Դուք ինչո՞ւ եք դեմ Բակո Սահակյանի հրաժարականը հիմա պահանջելուն:

– Ինձ հրաժարականը չի մտահոգում: Ինքը վիրավորում է իմ երկրի այսօրվա խորհրդանիշին: Ես ձեզ մի բան ասեմ, եթե մեր երկրի նախագահն այսօր լիներ Հայկ Խանումյանը, ես նույն վերաբերմունքն ունենալու եմ իր նկատմամբ:

– Իսկ հրաժարականի պահանջին առհասարակ եք դե՞մ, թե՞ միայն այս պահին:

– Կատեգորիկ, կատեգորիկ դեմ եմ, առհասարակ: Ես նույնիսկ դեմ էի, երբ ուժայիններն էին հրաժարական տալիս: Որովհետեւ ես որպես պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ինձ անհրաժեշտ է եղել, որ ինձ ներկայացնեն, որ այդ անձնավորությունները մասնագիտական խախտում են կատարել, խնդիր չեն կատարել, երկիր են դավաճանել: Թե չէ հրաժարական են տալիս, որովհետեւ էս ինչը, էն ինչը ուզում է: Իհարկե, դեմ եմ: Որովհետեւ այդ գործընթացը, որ կամաց-կամաց պաշտոնաթողություն պիտի լինի, դա Բակո Սահակյանի օրակարգում դրած է: Այդ բոլոր փոփոխությունները լինելու են, բայց ո՞նց կարելի է այդ փոփոխությունները ինչ-որ մեկի ուլտիմատումով անել, մանավանդ ռազմական դրության մեջ գտնվող երկրում: Ես հասկանում եմ, որ շատ գայթակղիչ է՝ հեղափոխություն անենք, բան անենք, բայց դե այդպես չի էլի: Հետո՞ ինչ է լինելու:

Հայարփի Բաղդասարյան