Թուրքական թևավոր հրթիռ, «Պոլոնեզ», «Լորա»՝ Բաքվի զորահանդեսում

1256

Հունիսի 26-ին Բաքվում ադրբեջանական զինված ուժերի 100-ամյակի կապակցությամբ կայացած զորահանդեսի ժամանակ ի թիվս այլ սպառազինությունների ցուցադրվել են թուրքական թևավոր հրթիռներ։

Ինչպես նշում են թուրքական և ադրբեջանական լրատվականները, թուրքական Roketsan ընկերության արտադրած SOM-B1 տեսակի հրթիռներն առաջին անգամ են ցուցադրվել։ Defense World կայքը հղում է անում ադրբեջանական Azeri Defence-ին՝ գրելով, որ Ադրբեջանը SOM հրթիռի առաջին օտարերկրյա գնորդն է և երեկվա զորահանդեսին ցուցադրվել է դրա արդիականացված տարբերակը։ «SOM-B1-ը խոցում է ցամաքային և ծովային թիրախներ և թույլ է տալիս ադրբեջանական զինված ուժերի կործանիչներին մեծ ճշգրտությամբ խոցել առաջնագծի հետևում գտնվող թիրախներ»,- գրում է կայքը։

Թուրքիան միջոցառմանը ներկայացված էր պաշտպանության նախարար Նուրեթթին Չանիքլիի և Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի մակարդակով։ Զորահանդեսին մասնակցել են նաև Պակիստանի, Բելառուսի, Բահրեյնի, Վրաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրանի, Իսրայելի, Ղազախստանի, Ուզբեսկտանի, Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներ։

Ինչպես փոխանցում է Turan գործակալությունը, բացի թուրքական թևավոր հրթիռներից ցուցադրվել են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներ, ինչպես նաև ՄԻ-24, ՄԻ-35, ԿԱ-17, ՄԻ-8 ուղղաթիռներ, ՍՈՒ-25, ՄԻԳ-29 ինքնաթիռներ։

Հրապարակով անցել են  ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ, տարբեր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Հրետանին ներկայացված էր ՄՍՏԱ, «Պիոն», ՏՕՍ-1Ա, «Անգարա», «Խրիզանտեմա», «Վենա», «Դանա» համակարգերով։

Ցուցադրվել են «Գրադ», «Սմերչ», «Սաքարիա», «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Զրահատեխնիկան ներկայացված էր ԲՄՊ-2-ով, ԲՄՊ-3-ով, T-72 և T-90 տանկերով։

Հակաօդային պաշտպանությունը ներկայացված էր «Բուկ Մ-1», C-300, «Բարակ-8» զենիթահրթիռային համալիրներով։

Ադրբեջանը ցուցադրել է նաև «Էքստրա», «Պոլոնեզ», «Լորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ։

Միջոցառումը եզրափակվել է թուրքական օդուժի ցուցադրական թռիչքներով, որոնք իրականացրել են F-5 և F-16 կործանիչներ։

Ստելլա Մեհրաբեկյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ թուրքական SOM թևավոր հրթիռ