Armenian Geographic արշավախմբի կազմում Արևմտյան Հայաստանում էի։
Բարձրացանք Սիփան, Նեմրութ, Մարաթուկ, Վարագա սար․․․
Մեր ուղեկցորդը քուրդ էր՝ Սաֆեթը։ Պատմական մի շարք վայրեր այցելելուց հետո ուղևորվեցինք դեպի Ակոռի գյուղ՝ Մեծ Արարատ լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին։ Ակոռիում պահպանվել է հայկական գերեզմանատուն՝ խաչքարերով։
Ճանապարհին, որն անցնում է Արաքսի թուրքական ափով, որոշեցի նստել Սաֆեթի ավտոմեքենան․ մեզ հետ էին նրա կինն ու երեխան։
Անցնելիս նայում էի դեպի իմ ծննդավայրը՝ Արարատը, Խոր Վիրապը, որտեղ հազար կնունք ու հարսանիքի եմ մասնակցել։ Այստեղից անգամ Արարատի ցեմենտի գործարանն էր երևում։
Մանուկ ժամանակ քանի-քանի անգամ եմ կանգնել ու բարձունքից նայել դեպի Թուրքիա՝ մտածելով՝ տեսնես ի՞նչ կա Արաքսից այն կողմ։
Նայեցի հեռախոսիս՝ կապը հայաստանյան էր․․․
Միացրի ռադիոն՝ Արամ Ասատրյանն էր երգում․․․
Ես նստած էի՝ Սաֆեթի երեխան գրկիս․․․
Գևորգ Հարոյան, ՍիվիլՆեթի օպերատոր