Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին (3). Յովհաննէս Քաջազնունի

1224

ԱՆԻ կենտրոնը մաս-մաս հրատարակում է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին» հոդվածաշարը, որը լույս է տեսել ՀՅԴ Պոլսի ՃԱԿԱՏԱՄԱՐՏ թերթի մայիս-հունիս 6 համարներում: Սա երրորդ մասն է: Հոդվածաշարը լույս է տեսել նաև Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի ընտրանում:

—–

Հայաստանը այն յետամնաց երկիրներից է, ուր դեռ մուտք չի արել դրամատիկական անտեսութիւնը և ուր չկայ՝ այդ իսկ պատճառով՝ ո՛չ պրօլետարիատ, ոչ բուրժուա- իբրեւ զտւած, ձուլւած ու հակամարտ դասակարգեր:

Բարեբախտաբար, Հայաստանում չկայ նաեւ խոշոր հողատիրութիւն և սրա հետ կապւած աւատական գերիշխանութիւն,- մի բան, որ այնքան հատուկ է ուրիշ տնտեսապէս յետամնաց երկիրների:

Հայաստան մանր սեփականատիրութեան երկիր է գերազանցօրէն: Սեփականատէր գիւղացի և քաղքենի, իրանց անհատական մանր տնտեսութիւններով ու մանր սեփականատիրոջ հոգեբանութիւններով, նրա արատներով ու առաքինութիւններով,- ահա՛ բացարձակապէս գերիշխող ազգային տիպը, ահա հայ ժողովուրդը:

Այսպիսի մի ժողովուրդ չի հասունացած ընկերվարական կարգերի համար, ուրեմն և երկրի ներսում չեն կարող ծնունդ առնել այդ կարգերը. իսկ եթէ դրսից գան ու հաստատուեն օտար ուժով (օրինակ՝ բօլշեւիկեան իշխանութիւններով), առաջ կը բերեն ընդհանուր դժգոհութիւն, շփոթ ու կազմալուծում և ո՛չ կեանքի վերաշինում լաւագոյն հիմքերի վրայ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը վաղուց արդէն ըմբռնել է (աւելի բնազդով, քան գիտակցաբար) այս հիմնական ճշմարտութիւնը և ըստ այնմ վարել իր գործերը Հայաստանի սահմաններում,- յաճախ ակամայ ու հակառակ իր դաւանած ընկերավարական վարդապետութեան:

Դաշնակցութիւնը հայ բուրժուազիի վարձկանը չէ – ինչպէս սիրում են կրկնել հակառակորդները ձախից- և ոչ էլ նրա շահերի պահապանը:

Դաշնակցութիւնը եղել է և մնում է հայ աշխատաւոր զանգւածների կուսակցութիւն: Բայց նա չի հակադրում աշխատաւորութիւնը մանր սեփականութեան. նա հաշւի է առնում այն փաստը, որ մանր սեփականատէրերը՝ Հայաստանի սահմաններում՝ կազմում են նոյն աշխատաւորութեան հիմնական տարրը:

Միւս կողմից, Դաշնակցութիւնը՝ իբրեւ ամբողջութիւն, իբրեւ զանգւածային արտայայտութիւն, անկախ կուսակցական ծրագիրից ու պաշտօնական դաւանանքից՝ հայ ժողվուրդի հարազատ զաւակն է, արիւնը արիւնից և ոսկորը ոսկորից: Այս իսկ պատճառով նա՝ իբրեւ ամբողջութիւն, չի կարող ունենալ ուրիշ հոգեբանութիւն և ուրիշ գիտակցութիւն, ուրիշ հակումներ և ուրիշ պահանջներ, քան ունի ինքը ժողովուրդը:

Սրանումն է Դաշնակցութեան թուլութիւնը՝ իբրեւ ընկերվարական կուսակցութիւն և սրանումն է նրա ուժը՝ իբրեւ ժողովրդական կազմակերպութիւն. սրանով պէտք է բացատրել միւս ընկերվարական կուսակցութիւնների վերապահ ու կասկածոտ դիրքը մեր հանդէպ, ինչպէս և այն անհերքելի փաստը, որ հայ ժողովրդի մեծագոյն մասը՝ տարիներ շարունակ՝ եղել է կամ Դաշնակցութեան մէջ կամ նրա կողքին:

Անկախ դաշնակցական ղեկավարների անձնական աշխարհայացքից ու անկախ ծրագրային թելադրանքներից, Դաշնակցութիւնը՝ իրականության մէջ, Հայաստանի սահմաններում՝ վարել է մինչեւ այսօր այն քաղաքականութիւնը, որը ամենից աւելի համապատասխան է եղել հայ աշխատաւոր զանգուածների ընկերվարական կազմին ու քաղաքական կացութեան, նրանց գիտակցութեան, իրական ձգտումներին ու հասունացած պահանջներին:

Եւ այդ քաղաքականութիւնը չի եղել ընկերվարական՝ բառի նեղ իմաստով, այսինքն՝ անմիջապէս ուղղուած չի եղել մասնաւոր սեփականութեան դէմ:

Հակառակորդները ձախից (և առաջին հերթին Բօլշեւիկները, ի հարկէ) սովորութիւն են արել անուանելու Հ. Յ. Դաշնակցութիւնը մանր բուրժուական կուսակցութիւն: Այս անունը թւում է նրանց շատ սրամիտ ու շատ էլ վիրաւորական Դաշնակցութեան համար: Գուցէ և իսկապես սրամիտ, որովհետեւ հարկ եղած դէպքում «մանր» մասնիկը ետ է ձգւում, կամովին մոռացութեան արւում, մնում է տակը զտւած «բուժուան», որը և հոլովւում է ազատօրէն, ըստ կարիքի ու ցանկութեան:

Ի՞նչ ասել է «մանր բուրժուա»:

Եթէ՝ գիւղերում՝ ամէն մի հողագործ, որ ունի սեփական գութան, սայլ ու մի զույգ լծկան. ամէն մի անասնապահ կամ կաթնագործ, որ ունի երկու-երեք կթան կով ու տասը քսան ոչխար, ամէն մի այգեպան, որ ունի երկու թանաֆ այգի ու մի քանի տասնեակ պտղատու ծառ, եթէ՝ քաղաքներում՝ ամէն մի խանութպան, որ ունի խանութում մի քանի հարիւր մանէթի ապրանք: Ամէն մի տանտէր, որ լրացնում է իր բիւջէն երկու-երեք սենեակ վարձու տալով, ամէն մի արհեստաւոր –հիւսն, դարբին, կօշկակար, դերձակ, ջուլհակ- որ ունի արհեստանոց, արհեստի գործիք ու պահում է մի զույգ աշակերտ. ամէն մի կէս մտաւորական, ամէն մի «վարժապետ», որ դաս է տալիս դպրոցներում, հաշուապահութիւն անում կամ վարում մի այլ պաշտօն.-

-Եթէ սրանք բոլորը «մանր բուրժուաներ» են, Դաշնակցութիւնը կարող է ասել ամենայն հանգստութեամբ թէ՝ այո՛, ինք մանր բուրժուական կուսակցութիւն է:

Որովհետեւ սրանք են որ՝ Հայաստանի սահմաններում՝ կազմում են (փոքրաթիւ բանւորութեան հետ միասին) հայ աշխատաւորութիւնը. սրանք են, որ՝ Հայաստանի սահմաններում՝ կազմում են դաշնակցական զանգւածները, սրա՛նց անունից և սրա՛նց համար է, որ՝ Հայաստանի սահմաններում՝ խօսում և աշխատում է Դաշնակցութիւնը:

Դաշնակցութիւնը հերքած կը լինէր ինքն իրան, եթէ հրաժարւէր այս «մանր բուրժուաներից»: Եւ ինչի՞ համար հրաժարուի…

Թո՛ղ հակառակորդները անւանեն մեր կուսակցութիւն բուրժուական, հակայեղափոխական կամ ինչպէս կամենում են,- դա իրանց բանն է:

Անունները չեն, որ պիտի սարսափեցնեն մեզ, պղտորեն մեր գիտակցութիւնը, շեղեն ճանապարհից:

Դաշնակցութիւնը դաւաճանաճ կը լինէր իր պատմական մեծ ու պատասխանատու կոչման, եթէ բառերի վախից, մոռացութեան տար իրականութիւնը և կեանքի աղաղակող պահանջները, իր անմիջական անելիքը:

ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ 

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, հինգշաբթի, հունիս 1, 1922թ

http://tert.nla.am/archive/HGG%20TERT/Chakatamart/1922/1922(2899).pdf