Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին (1). Յովհաննէս Քաջազնունի

2368

Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ի՞նչ պէտք է ըլլայ մեր ուղին» հոդվածաշարը լույս է տեսել ՀՅԴ Պոլսի ՃԱԿԱՏԱՄԱՐՏ թերթի մայիս-հունիս 6 համարներում: Սա առաջին մասն է: Որպես հոդվածաշար այն տեղ է գտել ԱՆԻ կենտրոնի հրատարակված Քաջազնունու ԵՐԿԵՐ-ի հատորում։

ԱՆԻ կենտրոն

Մեր յարգելի ընկերոջ, Հայկական Հանրապետութեան անդրանիկ վարչապետին այս տեսութիւնները կը հրատարակենք իր պատասխանատվութեամբ, բեմը բաց պահելով ուրիշ ձեռնհաս ընկերներու արտայայտութեանց համար: ԽՄԲ.

Այն օրից, երբ յայտարարւեց Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, Հ. Յ. Դաշնակցութիւնը դարձաւ պետական կուսակցութիւն: Անցաւ նրա գործունէութեան յեղափոխական շրջանը, եկաւ նորը՝ պետութիւն կազմակերպելու և աւերւած երկիրը վերաշինելու շրջանը:

Կեանքի նոր պայմանները առաջադրեցին հրամայօրէն նոր պահանջներ, որոնց հանդէպ կուսակցութիւնը պէտք է որոշէր իր բռնելիք դիրքը:

Տենդային, անկանոն և ուժից վեր աշխատանքի մէջ՝ կուսակցութիւնը հնարաւորութիւն չունեցավ,-թերեւս չտեսաւ նաեւ անհրաժեշտութիւն- պատշաճօրէն ձեւակերպելու իր քաղաքական ուղին նոր պայմանների մէջ: Հետեւանքը եղաւ այն, որ կուսակցական շարքերում (ինչպէս և այդ շարքերից դուրս) ստեղծվեց մտքերի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն՝ ընթացիկ ամենակարեւոր խնդիրների ու նրանց լուծման մասին:

Այդ թերի մնացած աշխատանքը պէտք է կատարւի այսօր:

Այսօր Դաշնակցութիւնը աքսորված է Հայաստանից և Հանրապետութեան անկախութիւնը կիսով չափ վերացած: Բայց սա մի անցողիկ շրջան է միայն: Պատմութիւնն ունի իր ընթացքը և այդ ընթացքը հասցրել է մեզ անկախութեան շեմքին: Խօսքը արտասանուած է արդէն, գաղափարը՝ կենդանի ու կենսունակ: Պատճառ չկայ կասկածելու, թէ հայ երկիրը ունենալու է – աւելի կամ պակաս սահմանափակումներով- իր ուրոյն քաղաքական կեանքը:

Վաղւայ Հայաստանի հայկական կառավարության մէջ Հ. Յ. Դաշնակցութիւնը նորից կանչուած պիտի լինի բերելու իր աշխատակցութիւնը (թերեւս նորից ղեկավարող դեր ստանձնելու): Սա մի պարտականութիւն է, որից չի կարող խոյս տալ ոչ մի քաղաքական կուսակցութիւն: Եւ սրա համար է, որ նա այսօրւանից արդէն պետք է գիտենայ իր վաղւայ անելիքը:

Եթէ խորհրդային իշխանութիւնը (բօլշեւիկեան կառավարութիւնը) հաստատուի ու տեւօղական դառնայ Հայաստանում, ենթադրելի են երկու պատահականութիւններ.-

Ա. Բօլշեւիկները- ինչպէս այդ նկատւում է արդէն թէ՝ բուն Ռուսաստանում և թէ Մոսկուայի անմիջական հրամանի տակ գտնւող խորհրդային մանր պետութիւնների մէջ- կը հրաժարւին նախկին ուղղափառութիւնից, գործելու նախկին մեթոտներից և, իրանց իշխանութիւնը յարատեւ անելու համար, կը սահմանափակեն բռնութիւնը, կը սկսեն որոնել զիջումներ, իրաւախոհութիւններ: Այդ որոնումները կարող են հասցնել մինչև այնտեղ, որ Բոլշեւիկները՝ իշխանութիւնը իրանց վերապահելով հանդերձ, կը ճանաչեն տարբեր ու հակառակ քաղաքական հոսանքների ազատ արտայայտուելու իրաւունքը, այսինքն կը վերահաստատեն. աւելի կամ պակաս սահմանափակումներով, քաղաքացիական ազատութիւնները: Այսպիսի դէպքում Դաշնակցութիւնը պէտք է հանդես գայ իբրեւ կազմակերպուած ընդդիմադիր ուժ և փորձ անի կռւելու Բօլշեւիզմի դէմ, օրինական միջոցներով:

Բ. Իրաւախոհութեանց անհրաժեշտութիւնը կարող է տանել Բօլշեւիկներին աւելի հեռու, կարող է ստեղծւել այնպիսի կացութիւն, որ հարկադրւած լինեն ցանկալ ու ընդունել հակառակ տարրերի քաղաքական գործակցութիւնը (այսինքն՝ վերահաստատեն ամբողջովին կամ մասամբ ժողովրդավար կարգերի յատուկ քաղաքական իրաւունքները) իսկ հակառակ տարրերը պարտադրուած լինեն՝ յանուն հայրենիքի, գործակցելու Բօլշեւիկներին: Այսպիսի դէպքում Դաշնակցութիւնը չի կարող մնալ գործերից հեռու: Բայց պիտի գիտենայ թէ ի՞նչ աշխատանքի համար է, որ մտնում է գործակցութեան և պատասխանատւութեան մի մասը վերցնում իր վրայ:

Երկու դէպքումն էլ Դաշնակցութիւնը պիտի ունենայ իր պատրաստի ու բացորոշ պատասխանը այն հարցին, թէ ի՞նչ քաղաքական ընթացք պէտք է տրւի Հայաստանի պետական կեանքին:

Եթե Դաշնակցութիւնը կազմելու է օրինակ ընդդիմադիր ուժ, պէտք է գիտնայ, թէ ինչի՛ դէմ ուղղելու է ընդդիմադրութիւնը և ինչն է, որ հակադրելու է բօլշեւիկեան քաղաքականութեան:

Եթէ աշխատակցելու է Բօլշեւիկների հետ, պէտք է գիտենայ թե ինչ հիմնական պայմաններ դնելու է կանխապէս և ի՛նչ ուղղութեամբ տանելու է աշխատանքը:

Աւելի եւս պարզւած պիտի լինի այդ «ինչ» ը, եթէ ինքը Դաշնակցութիւնը նորից կոչւած լինի ղեկավարող դեր ստանձնելու,-մի բան, որ անհաւանական չէ:

Այդ «ինչ» ը չպէտք է արտայայտւած լինի հեռաւոր իդէալներով, ընդհանուր և անորոշ բաղաձայներով, ժողովրդական զանգւածների համար անշօշափելի ու անբովանդակ ֆօրմուլներով: Դաշնակցութեան խօսքը պէտք է լինի շատ որոշ ու դիւրըմբռնելի, պարփակւած շատ պարզ ու թանձրացեալ, իրական արժէք ունեցող պահանջների մէջ,- այնպիսի պահանջների որ անմիջապէս ու հրամայօրէն բխում են այսօրւայ կացութիւնից և պետք է ու կարող են իրագործւել վաղն եւեթ:

ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ

Ճակատամարտ օրաթերթ, Պոլիս, երեքշաբթի, 30 մայիս, 1922, թիւ 1076

http://tert.nla.am/archive/HGG%20TERT/Chakatamart/1922/1922(2897).pdf