Պուտին-Փաշինյան հանդիպում Մոսկվայում

1858

Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ռուսական կողմից ներկա է եղել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովվը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը։

Կրեմլի տարածած հաղորդագրությունում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Նիկոլ Փաշինյանին դիմում է որպես Նիկոլ Վլադիմիրովիչ։

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրովիչ, մենք Ձեզ հետ վերջերս ենք հանդիպել, կարծեմ ամսի 14-ին Սոչիում։ Սակայն հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և գործակցության տարբեր ուղղություններում մեծ ծավալը, կարծում եմ, որ մեր հանդիպումները պահանջարկված են» ,- ասել է Պուտինը։

Հատկանշական է, որ նախորդ՝ Սոչիի հանդիպմանը Պուտինը Փաշինյանին դիմել էր Նիկոլ Վովաևիչ, քանի որ Փաշինյանի հոր անունը ռուսական Վլադիմիր անվան կրճատ ձևն է՝ Վովա։ Շարունակելով՝ Պուտինն ասել է․

– Շնորհակալություն, որ եկել եք։ Այժմ մենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում հնարավորություն ունենք խոսելու երկկողմ գործերի մասին։ Սկզբում ընդամենը կցանկանայի ասել, որ Հայաստանի առևտրաշրջանառությունում Ռուսաստանը վստահորեն առաջին տեղում է։ Մենք թիվ մեկ գործընկերն ենք առևտրա-տնտեսական ոլորտում։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի ևս հաստատուն աճ կա։ Ի դեպ, դա նշանակալիորեն տեղի է ունենում նաև Ռուսաստան, ռուսական շուկա գյուղմթերքի մատակարարման ավելացումների հաշվին։ Եվ իհարկե, դրական էֆեկտը, դա ակնհայտ փաստ է, տալիս է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ դա մեր երկուստեք գնահատականն է։ Հուսով եմ՝ մենք այսուհետ ևս կշարունակենք ընթանալ այդ ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուրախ է հանդիպելու և Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ խոսելու հարաբերությունների ամբողջ համալիրի մասին։ Նա շնորհավորել է Ռուսաստանի տոնը, որ հունիսի 12-ին էր։ Փաշինյանը Ռուսաստանին շնորհավորել է նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։

Հայաստանի վարչապետի մամուլի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների:

Զրուցակիցները կարևորել են երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:
«Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ վերջերս հանդիպել ենք Սոչիում: Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են: Շնորհակալ եմ, որ Դուք ժամանել եք, և մենք հնարավորություն ունենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում խոսել երկկողմ գործերից: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ: Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպել, խոսել մեր հարաբերությունների ամբողջ համալիրի շուրջ, բարի գալուստ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ Ձեզ ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության կապակցությամբ, որովհետև դա համաշխարհային մասշտաբի շատ կարևոր ու մեծ միջոցառում է, և հիմա ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի վրա: Շնորհակալ եմ հրավերի համար: Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ և այն հանգամանքը, որ 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ, ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը: Սա նաև ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաև հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան: Իհարկե, մեզ համար, Հայաստանի կառավարության համար, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարևոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարևոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով: Իհարկե, մենք հույս ունենք դրական և կառուցողական երկխոսության և համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է: Ես շատ ուրախ եմ դրա համար: Շնորհակալություն»
,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: