Այսօր Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Ազատությունը:
Պուտինը ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Նա նշել է, որ անցած տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 34 տոկոս, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ գրեթե 19 տոկոս: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, Պուտինն ասել է, թե այդ մասով ամեն ինչ կայուն է:
Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերով, նաև ընդգծելով, թե «մեր քաղաքական փոխգործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք հուսալի ընկերներ ենք ու ռազմավարական գործընկերներ»:
Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հարաբերությունները մանրամասնորեն կքննարկվեն օգոստոսի 30-ին՝ Իլհամ Ալիևի հաջորդ այցի ժամանակ:
Ալիևը վաղը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությանը: