Իրավիճակը իրանական ավիաընկերությունների շուրջ

6738
epmnv

Մայիսի 24-ին Միջուկային համաձայնագրից դուրս գալու երկրորդ շաբաթում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ սահմանեց իրանական 4 ավիաընկերությունների նկատմամբ:

Պատժամիջոցների տակ ընկան իրանական Mahan, Caspian, Pouya և Meraj ընկերությունները: Ընկերություններից Mahan-ը և Caspian-ը թռիչքներ են ունենում նաև Հայաստանի ուղղությամբ:

Ընթերցողի մոտ ժամանակային շփոթ չառաջանալու համար, նշենք, որ սույն խնդրին անդրադառնում ենք, քանի որ խնդիրը հայտնվել էր սոցիալական հարթակների ուշադրության կենտրոնում և լուրեր էին պտտվում, թե իրանական ընկերությունները դադարեցնում են հաղորդակցությունը Երևանի հետ:

Իրականում այս 4 ընկերությունից դեպի Երևան թռիչքների հիմնական սպասարկողը Mahan Air-ն է, որը դեռ 2011թ.-ից է ԱՄՆ-ի ուշադրության և պատժամիջոցների կենտրոնում:

Հանդիսանալով Իրանի մեծությամբ  2-րդ ավիաընկերությունը՝ 2015թ.-ի Միջուկային համաձայնագրի կնքումից հետո էլ այս ընկերությունը շարունակ մեղադրվում էր Սիրիայում և Լիբանանում Իրանի, ԱՄՆ կարծիքով ապօրինի, գործողություններին մասնակցելու մեջ:

Մայիսին ավելացված պատժամիջոցները առանձնանում էին նրանով, որ այստեղ ներգրավվել էին նաև ընկերությունների 31 առանձին օդանավեր, որոնցից 12-ը պատկանում է Mahan Air-ին: Չնայած այս ամենին ընկերության տեխնիկական գծով տեղակալ Ֆ. Սարավին պատժամիջոցներից հետո էլ հայտնել էր, որ թե՛ ընկերությունը, թե՛ օդանավերը իրենց թռիչքային ուղղությունները չեն փոխել և ոչ մի միջազգային օդանավակայանում՝ այդ թվում եվրոպական, խնդիրների չեն հանդիպել: Հայաստանը և Զվարթնոց օդանավակայանը բացառություն չեն այս շարքից և այստեղ հիմնական թռիչքներ իրականացնող Mahan Air-ը դեռևս շարունակում է իր կանոնակարգված գործունեությունը:

Լուր կա, որ մեկ այլ իրանական թռիչքային օպերատոր Aseman Air-ը հանել է իր՝ դեպի Երևան չվերթները: Նշենք, որ Aseman Air-ը Իրանում հիմնականում զբաղվում է ներքին փոխադրումներով, բացի այս ԱՄՆ որևէ պատժամիջոցային ցանկում չկա:

Ակնհայտ է մի բան, որ օպերատորների այս փոփոխությունները կապված չեն որևէ աշխարհաքաղաքական իրադարձության հետ և ըստ ամենայնի կապված շուկայի փոփոխությունների հետ կրում են սովորական-գործնական բնույթ:

Այնուամենայնիվ հարցումներ ենք ուղարկել Mahan Air-ին, Aseman Air-ին իրավիճակի և փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու նպատակով, որոնք ստանալուն պես կներկայացնենք ձեր ուշադրությանը:

Հրաչյա Հակոբյան

Հատուկ ԱՆԻ-ի համար