Թեհրանում հրատարակվող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո փոփոխություններ է նկատել Հայաստանում, անգամ Իրան-Հայաստան սահմանային անցակետում.
«Հանդիպում եմ ավտոբուսների վարորդների հետ, որ սահման են կտրում անցնում, նրանցից մեկը պնդում էր, որ ինչ արել է չի կարողացել կաշառք տալ մեկին՝ 1000 դրամ նույնիսկ»:
Մովսես Քեշիշյանը Երևանում էր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում, լավ տպավորություն է ստացել, չի գոհացրել միայն մեկ փաստ, բացակայում էր սփյուռքի նախարարը:
Հայաստանում իշխանափոխությունը և դրան նախորդած իրադարձությունները միանշանակ չեն ընդունվել հարևան Իրանում։ Մովսես Քեշիշյանի խոսքով՝ իրանցիների շրջանում կարծիք կար, որ շարժումն ուղղորդվում է արևմուտքի կողմից.
«Հարևան երկիր լինելով հանդերձ Իրանն ուշ շնորհավորեց նոր իշխանություններին»։
Ըստ Մովսես Քեշիշյանի, նախկին իշխանությունները շատ վաղուց կորցրել էին սփյուռքահայերի վստահությունը, դրա մասին է վկայում Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը.
«Դա ինչ որ տեսակ, ռեֆերենդում է, եթե վերջին տարիների մարաթոնները համեմատեք առաջին նվիրատվության հետ, կզգաք՝ այնտեղ արդեն ժողովուրդը չկա, ժողովուրդը տվել է իր անվստահության քվեն»։
Իսկ ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա դրանք զարգացնելու համար կողմերը պիտի կամք դրսևորեն, իրանահայ լրագրողի խոսքով երկու երկրների տնտեսական կապերը շատ թույլ են:
Ա1 ՊԼՅՈՒՍ