62 կողմ, 39 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց Նոր Կառավարության ծրագիրը: ՀՀԿ խմբակցությունից 18 պատգամավոր կողմ քվեարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագրին:
—-
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում եզրափակիչ խոսքում նշեց, թե շատ է ասվում, որ ծրագրի մեջ չկան թվեր: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ ծրագրի մեջ բազմաթիվ տեղեր նշված են թվեր, բայց դա միևնույն թիվն է:
«Ինչպիսի՞ն է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակ, ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ 0: Ինչպիսի՞ն է լինելու արտոնյալների թիվը՝ 0: Հայաստանում քա՞նի մենաշնորհներ պետք է գոյություն ունենան՝ 0»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ծրագրի ամենալավ գնահատականը տվեց Էդուարդ Շարմազանովը:
«Այո՛, սա երազանքների ծրագիր է, երազանքների երկիր ունենալու ծրագիր է: Սրանով մենք ժողովրդին վերադարձրել ենք երազելու իրավունքը: Հեղափոխությունից հետո առաջին ռեակցիան այն էր, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել: Սա ինձ համար ամենակարևոր ցուցանիշն է, ինձ համար ամենակարևոր ցուցանիշը մարդկանց ժպիտն է, որը տոկոսով չի չափվի, թվով չի չափվի»:
ՀՀ վարչապետը հավելեց, որ այս Կառավարությունը չի տապալվելու, հեղափոխությունը չի տապալվելու: