Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է. Արարատ Զուրաբյան

2581

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում առաջարկեց քանդել ԱԱԾ շենքը, փոխարենը լիճ սարքել. «Միգուցե չարությունն այդպիսով մաքրվի, փոխարենը պետք է ձեւավորել մի մարմին, որը կլինի ՀՀ-ին ծառայող մարմին։ Մաքրեք այդ կեղտից ՀՀ-ն։ 1999թ. հետո ՀՀ-ում քոչարյանիզմ է ձեւավորվել, որը չարիքը պահեց երկրում, վայրկենական թշնամություն ձեւավորվեց երկրում հոկտեմբերի 27-ից հետո։ Ես անընդհատ խոսում եմ Վանո Սիրադեղյանի մասին. նա քաղաքական վտարանդի է, քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը վտանգ է ներկայացրել։ Դրա համար նրա նկատմամբ հսկայական հետապնդում է սկսվել` վերացնել հակառակորդին, իսկ դրա ճանապարհը ընտրվել է` վարկաբեկիչ լինելը, ու գործ է կարվել, որտեղ ծիծաղաշարժ բաներ կան։ Կարելի է քննիչներին բերել ու հարցնել` ինչպես է դա եղել»:

Նա անդրադարձավ նաեւ նոր Կառավարությանն` ասելով. «Նոր կառավարությունը ստանիլիզմը քննադատեց, սակայն մարդկանց չկերան, մինչդեռ քաղաքական գնահատականներ պետք է տրվեն։ Քիչ առաջ Աշոտյանն էր ելույթ ունենում։ Այ, էս Աշոտյանը հոյակապ Աշոտյան էր, շատ լավ խոսում էր, հիմա բուժվում են, հիվանդացել էին։ Շնորհակալություն նոր Կառավարությանը` բուժման համար։ Հեռուստատեսություն տվեք Աշոտյանին, հոյակապ հումորային հաղորդումներ կանի։ Նիկոլ ջան, ես դժվարությամբ կսովորեմ վարչապետ ասել, երիտասարդներ ջան, երկիրը մաքրեք կեղտից։ Զեյնալյան ջան, նույնիսկ պարզի` ում գենը ոնց է, ում պապուն է ծախել. բաներ կան, որոնք պետք է իմանալ։ Ես ոտով-գլխով պատրաստ եմ պաշտպանել Կառավարության ծրագիրը` «Ծառուկյան» դաշինքը գումարած ՀՀՇ-ն եւս։ Բռնապետական մթնոլորտն է վերացել խորհրդարանում, քաղաքական երկխոսություն կա։ Իսկ արտահերթ ընտրությունները մի հետաձգեք, այլապես բոլորս վտանգի մեջ ենք, այդ թվում` եւ դուք»: