Հայկական հեղափոխության ադրբեջանական արձագանքները․ Տաթևիկ Հայրապետյան

2009

Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
ԱՆԱԼԻՏԻԿՈՆ, Ստեփանակերտ, մայիս, 2018

«Հարավային Կովկասում Ադրբեջանը միայնակ մնաց իր բռնապետության հետ», նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջի Զադեն` անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին և ներկայացնելով, թե ինչպիսին է դրանց ադրբեջանական արձագանքը1: Սույն հոդվածի շրջանակներում փորձ ենք արել ներկայացնելու` ինչպիսի՞ն են հայկական իրողությունների ադրբեջանական արձագանքները և ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ վերջին զարգացումները ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:Նշենք, որ առկա են էական տարբերություններ ադրբեջանական ընդդիմադիր ու քննադատող հասարակական քաղաքական գործիչների և իշխանությունների գնահատականների միջև: Նախ անդրադառնանք սոցիալական ցանցերում ծավալվող որոշ քննարկումներին` հասարակական  տրամադրությունների ուսումնասիրման նպատակով: Եվ այսպես, ադրբեջանցի որոշ օգտատերեր էլ կոչ էին անում հայերին «սովորեցնել իրենց, թե ինչպես անարյուն պայքարել գործող վարչակարգի դեմ»: Փաստացի, Ադրբեջանի առավել առաջադեմ ու ընդդիմադիր ներկայացուցիչները խանդով էին հետևում Հայաստանի զարգացումներին: Օրինակ` ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան ապրիլի 23-ին իր «Facebook»-յան էջում արված գրառման մեջ գրում է. «Ինչո՞ւ ժողովրդական հաղթանակը միշտ նրանց է բաժին հասնում»: Ընդ որում, սոցցանցերում ծավալվող քննարկումների ժամանակ հաճախ կարելի է հանդիպել «հայերին միշտ էլ հաջողվում է միավորվել», «նրանք մշտապես ունեցել են բարդ պահերին միավորվելու մշակույթ», «նրանք գիտեն, թե ինչպես ժողովուրդ լինել, ուստի միշտ հաղթում են», «Մեր մեջ Փաշինյաններ չկան» և նմանատիպ այլ ձևակերպումներ: Այդ համատեքստում հիշում են նաև սեփական ընդդիմության «ծախված» և «գրանտակեր լինելը»:

Ադրբեջանցի փորձագետներ Զարդուշտ Ալիզադեն և Ռասիմ Մուսաբայևը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված մեկնաբանություններում նշում են, թեև տարիներ առաջ Փաշինյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարում, այդուհանդերձ, իրավիճակ է փոխվել, և ղարաբաղյան հարցում հայկական դիրքորոշումը որևէ էական փոփոխություն չի կրելու2:

Ադրբեջանի իշխանական ճամբարներում քննարկումներն այլ բնույթ են կրում: Պետական քարոզչամեքենան փորձում է ներկայացնել հայկական ներքաղաքական զարգացումները բոլորովին այլ լույսի ներքո` օգտագործելով ղարաբաղյան գործոնը: Օրինակ` պատգամավոր Էլման Նասիրովը կարծիք է հայտնել, որ սա պայքար է Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար: «Մարդիկ կարծում են, որ քանի դեռ Հայաստանը շարունակում է ադրբեջանական տարածքների օկուպացիան, զարգացում չի կարող լինել: Սա Հայաստանում տարածվող մտածելակերպ է և հանգեցրեց Սերժ Սարգսյանի հեռացմանը»,-նշել էր պատգամավորը «Trend» գործակալությանը տված հարցազրույցում3: Իշխանական մեկ այլ պատգամավոր նշել էր, որ «սպասելի էր, որ հայկական հասարակությունը, ցանկանալով ազատվել Սարգսյանի ղեկավարած ղարաբաղյան կլանից, կսկսի գործել»4: Իր հերթին, Ադրբեջանի ԱՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը «Tweet»-երյան իր էջում նշել էր. «Սա այն էր, ինչ մենք ասում էինք տարիներ շարունակ: Հայ ժողովրդի թշնամին Սարգսյանի ռազմական բռնապետությունն է: Վերջապես հայերը հասկացան` ով է իրենց իրական թշնամին»` ակնարկելով, որ ակնկալում են հայկական դիրքորոշման «փափկացում» ղարաբաղյան բանակցային գործընթացում5: Ավելի ուշ «AZERTAG» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացում հնարավոր զարգացումներին, նշում է. «Սերժ Սարգսյանի գլխավորած ռազմական բռնապետության վարչակարգի հեռացումից հետո մենք հույս ունենք, որ իշխանության կգան առողջ մտածելակերպով ուժեր, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասնել առաջընթացի ղարաբաղյան գործընթացում»6: Փաստացի, ադրբեջանական քարոզչամեքենան, իր գործելակերպին հավատարիմ, ցանկանում է ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեղքը բարդել Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչակարգի վրա, մինչդեռ անտեսվում են սեփական վարչակարգի կողմից տարիներ շարունակ և հատկապես ընտրական վերջին գործընթացների շրջանում հնչող բազմաթիվ սպառնալիքներն ու ռազմական հռետորաբանությունը: Մինչդեռ երկրի ներսում ընթացող զարգացումները գալիս են փաստելու, որ ադրբեջանական իշխանությունները, մեղմ ասած, վախեցած են Հայաստանում ընթացող զարգացումներից: Դրա մասին են փաստում Միլլի Մեջլիսի քննարկմանը ներկայացվող մի շարք օրինագծեր: Եվ այսպես, մայիսի 1-ից 4-ը Միլլի Մեջլիսի հաստատման են ներկայացվում օրինագծեր` «հավաքների, երթերի, ցույցերի ժամանակ օրենքի խախտումերի»7, ինչպես նաև «գործադուլների և այլ մեթոդների միջոցով ձեռնարկություններում, հաստատություններում և կազմակերպություններում գործունեության կասեցման դեպքում» նոր պատիժների սահմանման վերաբերյալ8: Փոփոխությունների դեպքում նախատեսվում են տուգանքներ և վարչական կալանք քաղաքացիների նկատմամբ: Սա ակնհայտ ցույց է տալիս, որ իշխող վարչակարգը մեծապես մտահոգված է Հայաստանում ընթացող զարգացումներով և դրանց հավանական ազդեցությամբ ադրբեջանական հասարակության վրա, ուստի և հստակ քայլեր է ձեռնարկում ավտորիտարիզմի խորացման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ Միլլի մեջլիսի գալիք քննարկման է ներկայացվում մեկ այլ ուշագրավ օրինագիծ` «արտակարգ և պատերազմական իրադրության պայմաններում զանգվածային լրատվամիջոցների հանդեպ գրաքննության սահմանման» վերաբերյալ9: Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ռազմական իրադրության պայմաններում գրաքննություն կարող է սահմանվել այն զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ, որոնք գործում են ռազմական իրադրության սահմանված տարածքում: Ի հավելումն` զանգվածային լրատվամիջոցների ազատությունը պետք է ժամանակավորապես կասեցվի նման պայմաններում: Բացի այդ, Ադրբեջանցի պատգամավորներից մեկն էլ հանդես է եկել առաջարկով՝ հրավիրել հատուկ նիստ Միլլի Մեջլիսում Ղարաբաղի հարցով10:

Ադրբեջանում ընթացող վերոնշյալ գործողությունները պայմանավորված են հայկական իրողություններով, մյուս կողմից բխում են նախընտրական և հետընտրական շրջանում հնչեցված հռետորաբանության տրամաբանությունից: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ գործող նախագահ Իլհամ Ալիևն ընտրվեց 4-րդ անգամ և կշարունակի ղեկավարել Ադրբեջանն առաջիկա յոթ տարիների ընթացքում: Նախընտրական քարոզչության շրջանակներում գործող նախագահն իր ելույթներում, հավատարիմ մնալով ռազմական հռետորաբանությանը, հնչեցրեց կոչեր` ուղղված նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Մասնավորապես, մարտի 19-ին` Նովրուզ Բայրամի տոնակատարությունների ժամանակ, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ «այսօրվա Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հողեր են…մենք երբեք չենք մոռացել և չենք մոռանալու դա»11: Ընտրվելուց հետո իր առաջին ելույթում Ադրբեջանի նախագահը կրկին «համոզմունք հայտնեց, որ մի օր ադրբեջանական դրոշը ծածանվելու է բոլոր օկուպացված տարածքներում»12: Նման հռետորաբանության պայմաններում, որն ուղեկցվում էր անգամ ընտրությունները բոյկոտած ընդդիմության հակահայկական կոչերով, հետընտրական շրջանում կանխատեսելի էր Արցախի հիմնահարցում դիրքորոշման կոշտացում և սադրանքների գնալու հավանականության մեծացում13:

Այդուհանդերձ, Հայաստանում ընթացող իրադարձություններն իսկապես բարդ իրադրություն են ստեղծում Ադրբեջանի համար միջազգային ասպարեզում: Այսուհետ, երկու երկրները նույնականացնելու փորձերը ձախողվելու են, իսկ մեր երկրի ներսում քաղաքական կայունության հաստատումը երկու հայկական պետականությունների անվտանգության պահպանման կարևորագույն երաշխիք է դառնում: Ինչպես իրավացիորեն նշել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը` «ի վերջո Ղարաբաղը կմնա ավելի ժողովրդավարական կողմին»: Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում միջազգային ասպարեզում դիրքերն ամրապնդելու և միանգամայն այլ լույսի ներքո հանդես գալու առումով, այդ թվում նաև` ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

___________________
[1] “Теперь азербайджанская диктатура осталась одна в Закавказье” – экс-посол в Азербайджане, 24 Апрель 2018, https://www.currenttime.tv/a/29188704.html, 29.04.2018.

[2] Paşinyanın hakimiyyəti Qarabağa nə vəd edir?, 24.04.2018, https://www.azadliq.org/a/pashinyan-hakimiyyeti-qarabaga-ne-ved-edir/29189979.html, 29.04.2018.

[3] Trend, Армянский народ освободился от «карабахского клана», заложником которого был – азербайджанский депутат, 23.04.2018, https://www.trend.az/azerbaijan/politics/2892162.html, 29.04.2018.

[4] Joshua Kucera, Azerbaijan comes out in favor of Yerevan protests, 21.04.2018, https://eurasianet.org/s/azerbaijan-comes-out-in-favor-of-yerevan-protests, 29.04.2018.

[5] Նույն տեղում:

[6] Azertag, МИД: Для урегулирования армяно-азербайджанского конфликта мы готовы продолжить переговоры со здравомыслящими политическими силами в Армении, 24.04.2018, https://azertag.az/ru/xeber/MID_Dlya_uregulirovaniya_armyano_azerbaidzhanskogo_konflikta_my_gotovy_prodolzhit_peregovory_so_zdravomyslyashchimi_politicheskimi_silami_v_Armenii-1156265?utm_source=dlvr.it&utm_medium=twitter, 29.04.2018.

[7] Azerbaijan eyes to impose new penalties for breaking rules on rallies, street marches, 25.04.2018, http://en.apa.az/azerbaijani-news/social-news/azerbaijan-eyes-to-impose-new-penalties-for-breaking-rules-on-rallies-street-marches.html, 29.04.2018.

[8] В Азербайджане определяются виды наказаний за забастовку и прекращение работы на предприятиях, 26.04.2018, http://ru.apa.az/politika-azerbaydjana/vnutrennyaya-politika/v-azerbajdzhane-opredelyayutsya-nakazaniya-v-svyazi-s-ostanovkoj-deyatelnosti-posredstvom-zabastovki-v-predpriyatiyakh-i-organizaciyakh.html, 29.04.2018.

[9] Azerbaijan eyes to amend media rules in conditions of martial law, 17.04.2018, http://en.apa.az/azerbaijan-politics/domestic-news/azerbaijan-eyes-to-amend-media-rules-in-conditions-of-martial-law.html, 29.04.2018.

[10] «Մենք պետք է որոշում կայացնենք և ժամանակին օգտագործենք մեր հողերն ազատագրելու հնարավորությունը: Քանի որ սպասվում է, որ Հայաստանում մոտ ժամանակներս տեղի կունենա քաղաքացիական պատերազմ: Մենք պետք է ուշադիր հետևենք իրավիճակին», – նշել է ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը` հիմնավորելով իր առաջարկը: Տես` Предложено созвать специальное заседание Милли Меджлиса по вопросу Нагорного Карабаха, 1.05.2018, http://ru.apa.az/politika-azerbaydjana/vnutrennyaya-politika/predlozheno-sozvat-specialnoe-zasedanie-milli-medzhlisa-po-voprosu-karabakha.html, 1.05.2018.

[11] Президент Ильхам Алиев принял участие во всенародном веселье по случаю Новруз байрамы, 19.03.2018, https://azertag.az/ru/xeber/1146257, 29.04.2019.

[12] Президент Ильхам Алиев обратился к азербайджанскому народу, 11.04.2018, https://azertag.az/ru/xeber/1152005, 29.04.2019.

[13] Ararat TV, Ալիևն Արցախի հարցում կկոշտացնի դիրքորոշումը, 16.04.2018, https://www.youtube.com/watch?v=HVrcc61OZrY&app=desktop, 29.04.2019.