Բողոքի ցույց Ստեփանակերտում, 3 հունիսի, 2018

3117

Հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ։ Ոստիկանները բերման են ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Երեկ երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել էին քաղաքի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը։ Նրանց մոտ էր եկել պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Հունիսի 2-ին ցույցը շարունակվոել է։ Քաղաքացիները փակել էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը։ Պետնախարար Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանդիպել են նրանց, ապա գնացել նախագահ Բակո Սահակյանի մոտ։ Քաղաքացիները բողոքում են ուժային կառույցների կամայականություններից և պահանջում են դրանց ղեկավարների հրաժարականը։

Երեկոյան քաղաքացիները ազատեցին փողոցը, ցրվեցին և հայտարարեցին, որ կվերադառնան առավոտյան։

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը մեկնել է Արցախ։ Իրադարձությունների ընթացքը ներկայացնում ենք տեքստային ուղիղ ռեժիմով։ Հունիսի 2-ի իրադարձություններն՝ այստեղ։ Դեպքերը ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

10։20

Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները վանկարկում են Հայաստանի Թավշյա հեղափոխության կարգախոսները՝ «դուխով, դուխով»։

10:10

ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ առավոտյան 10-ին քաղաքացիները կրկին փակել են փողոցը և սկսել հանրահավաք։ Ակտիվիստ Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, որ այսօրվա ընթացքում պահանջում են ուժային կառույցերի (բացի բանակից) ղեկավարների հրաժարականը։ Նա նշել է, որ իրենք ձեռքները վեր բարձրացրած գնալու են իրենց պահանջի հետևից։ Այս ձևը, ըստ Թաթուլ Հակոբյանի, նման է Հայաստանում ցույցերի ժամանակ տեղի ունեցածին։

Տեսանյութը՝ շուտով։

9։20

Ստեփանակերտցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը և Արցախպրեսի խմբագիր Վահրամ Պողոսյանը խոսում են Արցախում առկա խնդիրների մասին։

9։15

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում ներկայացրել է հունիսի 1-2-ին տեղի ունեցածը։

«Իմ առաջարկներում ես նախագահին առաջարկել եմ որոշ ուժայինների ազատել աշխատանքից, իսկ նախաձեռնության անդամներին խնդրել եմ կրճատել հրաժարականի ենթակա պաշտոնյաների ցուցակը:
Կողմերը դեռևս մնում են իրենց տեսակետ, հունիսի 3-ին ժամը 10-ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվելու է բողոքի ակցիան՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով: Առավոտյան ես կլինեմ ավտոկայանում և կփորձեմ օգտակար լինել խնդրի հանգուցալուծման գործում:»։

2 հունիս, 2018 12:37

Ստեփանակերտում քաղաքացիները փողոց են փակել

Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, այս մասին Ֆեյսբուքում գրել է Ստեփանակերտում բնակվող քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը․ «Մարդիկ բողոքում են տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ»։

Հունիսի 1-ին Ստեփանակերտում ծեծկռտուք է տեղի ունեցել։ ԱԱԾ աշխատակիցներ ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների, ոստիկանները բերման են ենթարկել ծեծվածներին, ոչ թե ծեծողներին։ Այնուհետև նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Երեկ երեկոյան քաղաքացիները փակել էին փողոցը և պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։