Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Հայոց բանակի փառապանծ զինվորներ և սպաներ, ՀՀ մեծարգո նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո նախագան, Վեհափառ տեր.
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը 1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն։ Մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պտկանում է ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետություն։
Ու, քանի որ, մեր ժողովրդի պատմության մեջ նման բան նախկինում երբեք չէր եղել, այդ պետությունը կոչում ենք նաև Առաջին Հանրապետություն։ Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե խառա էր, այլ տեր, և սա ճակատագրական շրջադարձ էր։ Իհարկե, դա առայժմ միայն իրավական կարգավիճակի փոփոխություն էր, բայց այս կարգավիճակը հայ ժողովուրդը նվեր ստացավ ինչ որ մեկից, այլ նվաճեց քրտինքով ու արյունով։
Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից, ջախջախելով թուրքական զորամիավորումներին, և այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը:
Հերոսական այս ճակատամարտերի պատմությունը աներևակելի է, այդ ինչպես կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական նախադրյալներ, ո՛չ և երիցս ո՛չ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող միասնացումով հասկացանք, որ մեր երակներով հոսում է Մեսրոպ Մաշտոցի արյունը, Արտաշես արքայի արյունը, Վարդան Մամիկոնյանի արյունը:
Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարյուր տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա, հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության ու արժանապատվության միակ երաշխիքը, որ մեզ՝ քաղաքացիներիս, պատկանող պետությունն է միայն, որ կարող է ապահովել մեր իրավունքը, մեր անվտանգությունն ու ապագան:
Ա1 պլյուս