Սերժ Սարգսյանի գլխավորած նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են պահպանել դատական համակարգի վրա ունեցած լծակները, ինչի շնորհիվ էլ խոչընդոտում են քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, կարծում են հայաստանյան մի քանի իրավապաշտպաններ, հաղորդում է Ազատությունը:
Հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ, երեկ գլխավոր դատախազը պնդել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Սա ցուցիչ է, որ իրավապահ ու դատական համակարգերը դեռ ազատ չեն, ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: «Նրանք շատ լավ գիտեն, որ պատվեր են կատարել: Ուղղակի, իմ համոզմամբ, նրանք դեռևս չեն հավատում, որ իշխանություն է փոխվել և լսում են իրենց նախկին ցուցում տվողներին»,- ասում է Իշխանյանը:
Քանի որ վարչապետը դատախազին հեռացնելու և ըստ օրենքի՝ դատական համակարգի վրա ազդելու իրավասություն չունի՝ չպետք է քաղբանտարկյալների հարցում արագ լուծումներ ակնկալել, կարծում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: «Ինչպես հայտնի է, Հայաստանում դատախազությունը շատ մեծ ազդեցություն ունի դատարանների վրա, և ես հնարավոր եմ համարում, որ դատարանները դժվար թե միանգամից գնան արդար որոշումների, ինքնուրույն որոշումների»,- նշում է Ալեքսանյանը:
Այս դրությունը նախկին իշխանությունների կողմից Փաշինյանի դեմ հարուցված խոչընդոտ կարող է լինել, կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը: «Ինչ-որ իմաստով փակուղային իրավիճակ է, ինչը, կարծում եմ, նաև նպատակ ունի վարկաբեկել նոր իշխանությանը: Այսինքն՝ հասարակության մեջ կարող է հիասթափություն սկսվել»,- կարծում է Իշխանյանը: