Մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է. Նիկոլ Փաշինյան

661

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով նայիսի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում: Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն և ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ:

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, և այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբևէ, և ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում:

Ամենակարևորը, որ ուզում եմ ասել. իսկապես դուք այստեղ էիք, բայց իրականում Երևանում էիք՝ Հանրապետության հրապարակում, ձեզնից շատերը նաև ֆիզիկապես, որովհետև ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, որոնց վերջին անգամ հանդիպել էի Երևանի Հանրապետության հրապարակում: Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ ձեր երջանիկ աչքերը տեսնելով, հպարտ եմ ձեր հպարտ աչքերը տեսնելով, ծառայում եմ ձեզնից յուրաքանչյուրին, և որևէ մեկը չկասկածի, որ մեր պայքարն ամեն անգամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու Հայաստանին, հայ ժողովրդին և Արցախին: Եվ ուրեմն հայ ժողովուրդը համախմբած է Հայաստանի Հանրապետության շուրջ, հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի շուրջ և վճռական է, լի էներգիայով՝ շենացնելու, ծաղկեցնելու, հզորացնելու Հայաստանը և Արցախը: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ խոնարվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով, սիրում եմ ձեզնից յուրաքանչյուրին և համբուրում ձեզնից յուրաքանչյուրին:

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք և ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ և երջանիկ Հայաստանում: Չկա որևէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, ավելի դաշնակցային և եղբայրական»: