Շուշին հրդեհելու հրահանգը Զորի Բալայանն է տվել. Ալբերտ Բաղդասարյան

18972

Գերագույն խորհրդի (1990-1995) պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, վերհիշելով Շուշիի ազատագրումը և քաղաքում բռնկված հրդեհները, 2015-ին Facebook-ի իր էջում գրել է.

1992-ի մայիսի 9-ից, այսինքն Շուշի մտնելու հաջորդ օրվանից, Շուշիում այստեղ ու այնտեղ սկսվեցին հրդեհներ:

Բուն մարտերի ընթացքում, այսինքն մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ու 8-ի ամբողջ ցերեկվա ընթացքում Շուշի քաղաքն ամբողջապես կրել էր ոչ էական վնասներ: Կանգուն էին ու համարյա անվնաս գրեթե բոլոր շենք-շինությունները, բնակելի ու մասնավոր տները: Իսկ ահա 9-ի ցերեկվանից սկսվեց Շուշիի պլանավորված ավերումն ու հրդեհումը:

Ջոկատով (Մերգելյան), հայտնաբերելու համար հետ մնացած կամ թաքնված ադրբեջանցի զինվորների, սանրելով թաղամասերը, իջնում էինք դեպի Շուշվա հայտնի բերդը, որը վերածել էին բանտի: Կենտրոնում ստուգեցինք 4, թե 5 հարկանի հյուրանոցի բացարձակապես անվնաս շենքն ու շարունակեցինք իջնել ներքև:

Չհասած այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավար Վեզիրովի շքեղ ամառանոց- առանձնատանը, որը գտնվում էր կենտրոնական խաչմերուկներից մեկում, և որի փակ դարպասի վրա կավիճով ռուսերեն գրված էր` ՛՛նեվոյտի, ուժե զանյատո, ուբյու, 4այա ռոտա՛, հանդիպեցինք այդ պահին Ղարաբաղ ժամանած ԳԽ պատգամավորներ Արշակ Սադոյանին, Սամվել Շահմուրադյանին, նրանց ուղեկցող անձանց: Կարճատև ողջագուրումներից, փոխադարձ շնորհավորանքներից ու միրուք Արմենի հայտնի,- անիգաշէ անիգարա-ից (սա հասկանում են միայն մերգելյանի ջոկատի տղաները) հետո շարունակեցինք մեր գործողությունը դեպի բերդ:

Մոտ երկու ժամից վերադարձանք, ու վերադարձի ճանապարհին նկատեցինք այստեղ ու այնտեղ, տներում ու շինություններում բռնկված հրդեհներ:

Մեզ թվում էր, որ լավ չենք ստուգել և որ դրանք փախչել չհասցրած ադրբեջանցի դիվերսանտների ձեռքի գործն է:

Մինչ հասանք հյուրանոց, այն արդեն համարյա ամբողջապես պարուրվել էր կրակով ու ծխով:

Եվ ահա հյուրանոցի մոտ բռնում ենք կոմուֆլյաժ հագած մի քանի ղարաբաղցիների, որոնք էլ ասեցին, որ այդ հրդեհները իրենց արածն է և որ այդ հրահանգն իրենց տվել է [Զորի Բալայանը] զորի գայկովիչն ուրեմն, այսինքն նույն ինքը՝ հայտնի ծովագնած, գրող, հրապարակախոս, Պուտինին ուղղված բաց ու հատկապես փակ նամակների հեղինակ ու էլ չգիտեմ, թե ինչ Զորի Բալայանը:

Բացատրությունն էլ այն էր, որ եթե Շուշին ամբողջությամբ ավերենք, ապա ադրբեջանցիներն էլ ետ չեն վերադառնա հետ գրավելու համար:

Այդ ժամանակ էլ ու հիմա էլ մնում եմ նույն կարծիքին, որ այդ միտքը կարող է ծնվել միայն ուրիշի տարածք գրավող վախկոտ ստրուկի գլխում միայն և ոչ սեփական դարավոր քաղաքն ազատագրող արժանապատիվ ռազմիկի մոտ:

Արկադի Տեր-Թադևոսյանի հետ անմիջապես հանդիպելուց ու նրա կողմից, տեղում գնդակահարել ու խիստ հրահանգով, այդպիսի գործողությունները կտրուկ արգելելու հրամանից հետո միայն դադարեցվեցին հետագա հրկիզումներն ու ավերումները: Բայց արդեն գայկովիչն իր սև գործն արել էր և արդյունքում ունեցանք կիսաավեր Շուշի, որը հերոսաբար, մաքառումներով, մուրացկանության ու զրկանքների գնով այժմ վերականգնվում է: