Ադրբեջանական զինուժը հարձակվում և ավերում է Կոթի գյուղը. 1920 թվականի գարուն

2136

Դէպքերը Ղազախի շրջանում. ապրիլ, 1920թ

Հայաստանի ներքին գործերի մինիստրի օգնական Մանասեանը Դիլիջանից հեռագրում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Օհանջանեանին.

«Կառավարութեան յանձնարարութեամբ, յատուկ իրաւունքներով, եկայ Դիլիջանի շրջանը ստուգելու բռնկւած թիւրիմացութիւնները և ձեռք առնելու վճռական միջոցներ դադարեցնելու սահմանագլխի ընդհարումները:

Ծանոթանալով տեղում դէպքերի հետ հաղորդում եմ, որ ընդհարումները սկսած է Ադրբէջանի պահակը ապրիլ 5-ին, գրաւելով իշխող դիրքեր մեր տերրիտորիայի վրայ՝ Թաթլի, hայկական Աբաքար և Քաւարիթափա գիւղերի վերեւում: Ազգաբնակութիւնը սարսափահար թողել է գիւղերը: Վեցի առաւօտեան ստանալով շրջակայ հայկական գիւղերից օգնութիւն՝ թշնամին դուրս է մղւել այդ դիրքերից:

Սպանւած մուսուլմանների դիակները մնացել էին մեր տերիտորիայի վրայ: Ապրիլի 10-ին, հակառակ Ղազախի ընդհանուր նահանգապէտ Խոյսկու պայմանի, կանոնաւոր զօրամասերը յանկարծակի յարձակւեցին ու ամբողջապէս ոչնչացրին Կոթքէնդ և Կուլունսուլու հայկական գիւղերը: Կոթքենդում մնացել է միայն 10 տուն չաւերւած:

Օգնութեան հասած միլիցիայի և ազգաբնակութեան միջոցով այդ գիւղերը ետ են վերցւած: Սահմանակից մուսուլման փոքրիկ գիւղերը այդ դէպքերի ազդեցութեամբ, վախենալով տուժելուց, իրենց ամբողջ ունեցւածքով անցան Ադրբէջան, նոյնն են արել և հայկական գիւղերը: Այս րոպէիս սահմանագլխի վրայ տիրում է համեմատական խաղաղութիւն: Բաղաքենդ-Չարդախչու և սահմանակից այլ հայկական գիւղերի փախստականները հաղորդում են, որ ապրիլի 10-ին Ադրբէջանի կանոնաւոր զորամասերն ու ազգաբնակութիւնն աւերեցին հայկական գիւղերը, որոնք  Ադրբէջանի հանրապետութեան սկզբնաւորութիւնից եղել են միշտ լոյալ: Սահմանակից հայկական մեծ գիւղերի աւերման տեղեկութիւնները սաստիկ յուզում են մեր շրջանի ազգաբնակութեանը: Խնդրում եմ եռանդուն միջոցներ ձեռք առնել ազատելու կենդանի մնացածներին, որոնք կոտորւում են լեռներում»:

Ժողովուրդ, թիվ 63, հինգշաբթի, 22 ապրիլի, 1920թ

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/63.pdf

Լուսնակարը՝ Սասուն Դանիելյանի