Նոր կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

5076

Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ վաղվա նիստի հետ կապված աշխատանքային բնույթի հարցեր են քննարկել։

«Ազատություն». – Ի՞նչ քննարկեցիք, նորից վերահաստատո՞ւմ փորձեցիք ստանալ վաղվա քվեարկության հետ կապված։

Նիկոլ Փաշինյան. – Վերահաստատումը կար արդեն, վերահաստատման անհրաժեշտություն չկա, պարզապես աշխատանքային բնույթի հարցեր քննարկեցինք վաղվա նիստի հետ կապված։

«Ազատություն». – Դուք որևէ խնդիր չե՞ք տեսնում։

Նիկոլ Փաշինյան. – Գիտեք, ես սրանից առաջ էլ խնդիր չէի տեսնում, հիմա էլ խնդիր չեմ տեսնում, որովհետև ես ասել եմ, որ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի մենք պատրաստ ենք և պատրաստ է մեր ժողովուրդը։ Այնպես որ ես խնդիր չեմ տեսնում։

«Ազատություն». – Պարոն Փաշինյան, հետո ի՞նչ է լինելու, 20 օրվա ընթացքում Դուք կառավարության ծրագիր ներկայացնելո՞ւ եք հաստատմանը, մշակվո՞ւմ է այդ ծրագիրը։

Նիկոլ Փաշինյան. – Հիմա ես աշխատում եմ վաղվա իմ ելույթի վրա։

«Մայիսի 8-ից հետո մենաշնորհներ էլ չեն լինելու, ով ինչ ուզի կարող է ներկրել»

Փաշինյանը հավաստիացրեց՝ նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու։ Նա նշեց, որ մայիսի 8-ից հետո չեն լինելու նաև մենաշնորհներ։

Փաշինյան. – Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու։

«Ազատություն». – Առաջարկություններ ստացե՞լ եք, որպեսզի նոր կառավարությունում ընդգրկվի այս կամ այն օլիգարխը և Դուք մերժել եք։

Փաշինյան. – Ո՛չ, չեմ ստացել ոչ մի առաջարկություն։

«Ազատություն». – Հորդորներ են հնչում, նույն օլիգարխների համար, ովքեր այսօր իշխանության մաս են կազմում, որ այլ խաղի կանոններ են լինելու ամսի 8-ից հետո։ Ձեր վարչապետ ընտրվելուց հետո, հնարավո՞ր է նման հանդիպում անցկացվի և խաղի կանոնները բացատրվեն նրանց։

Փաշինյան. – Իմ ելույթում ես դրան կանդրադառնամ իհարկե, և, իհարկե, պետք է խաղի կանոնները պարզ լինեն բոլորին, խաղի կանոններն օրինականությունն է, բայց մենք էլի ասել ենք ու էլի շատ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում վենդետաների, դա իմ ելույթում էլ կասեմ։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ձևավորելու։

«Ազատություն». – Քննություններ չե՞ն լինելու, պարոն Փաշինյան, կոնկրետ դեպքերով։

Փաշինյան. – Ես արդեն ասացի, որ ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու։

«Ազատություն». – Վենդետայի մասին չէ խոսքը, պարոն Փաշինյան, հանրության համար հնչեղություն ունեցող կոնկրետ դեպքերով քննություններ լինելո՞ւ են, որպեսզի հանրությունը հասկանա, թե որտեղ են գնացել այդ հարկերը, ովքեր չեն մուծել, ովքեր են խուսափել։

Փաշինյան. – Հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կստանանք, հանրությունն էլ կստանա և՛ իր հարցերի պատասխանները, և՛ լուծման առաջարկները, և՛ ուղիները, բայց ես ընդհանուր առմամբ ասում եմ, որ էն մթնոլորտը, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում, և այս հեղափոխությունն անվանվել է սիրո և համերաշխության հեղափոխություն, էդ մթնոլորտը չպետք է խաթարվի, բայց դա չի նշանակում, որ էն նպատակները, որ դրված են՝ երկրում օրենքի իշխանություն և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն ապահովելու, էդ խնդիրները չեն լուծվելու, ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, և մեկը մյուսի հաշվին երբեք ու երբեք չի արվելու։ Ինչպես կարծում եմ, որ բոլորս այս ընթացքում համոզվեցինք, այդ խնդիրները լուծելի են։

«Ազատություն». – Մայիսի 8-ից մենաշնորհներ լինելո՞ւ են։

Փաշինյան. – Ոչ, ես արդեն հայտարարել եմ, որ չեն լինելու, և կարծում եմ, որ բոլորս էլ արձանագրում ենք, որ այդ բոլոր հայտարարություններն իրականություն են դառնալու։

«Ազատություն». – Մարդիկ պրակտիկորեն կարո՞ղ են փորձել ինչ ուզում են ներկրել՝ շաքարավազի շուկայում, բանանի շուկայում։

Փաշինյան. – Քանի որ այս պահին վարչապետ չեմ, ես չեմ ուզում ոչ մի հայտարարություն անել, իմ վարչապետ ընտրվելու պահից՝ այո՛ և միանշանակ՝ այո՛, և ոչ միայն կարող են և պետք է փորձեն, այլ մենք պետք է հետևենք, որպեսզի էդ հայտարարությունների տակ իրադարձությունը չշարունակի նույնը մնալ։

Վարչապետի թեկնածուն նաև նշեց, որ կառավարության նիստերն իր վարչապետության օրոք կանցկացվեն դռնբաց։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: