ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ելույթ էր պատրաստել, սակայն քաղաքական իրադարձություններն այլ շրջադարձ ունեցան, և այն ինչ պատրաստել էր ասելու համար, արդեն ժամանակավրեպ է:
Խոսելով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀԿ պատգամավորների պահվածքն ուներ երեք հիմնական նպատակ:
«Առաջինը՝ հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու, որ ժողովուրդը փոխելու է կարծիքը իմ և մեր շարժման մասին: Դա չաշխատեց: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեին ժողովրդին, և հնարավոր կլիներ սադրանքներ կազմակերպել, դա նույնպես չաշխատեց: Երրորդը՝ հույս ունեին իրենց դեմ քվեարկելով՝ ժողովուրդը կհուսահատվի, «թան էլ չէ, փռթած մածուն» ձեզ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչն այսօր տեղի ունեցավ Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում, աննախադեպ էր մեր շարժման համար՝ ծավալներով, մասշտաբներով. «Այսօր Երևանում և ՀՀ-ում չի եղել ոչ մի բաց ճանապարհ»:
Խոսելով վաղվա անելիքների մասին, Փաշինյանն ասաց, որ վաղը ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում անհնազանդության գործողություններ չեն իրականացվելու:
«Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրության երկրորդ փուլում ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է, բայց սրանք բանավոր հայտարարություններ են: Անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, համապատասխան փաթեթ և ի վերջո Հանրապետական խմբակցության հայտարարությունից հետո ավելի մանրամասն տեղեկանալ «ՀՀԿ» խմբակցության դիրքորոշումների մասին»,- նշեց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ վաղը իրենք Ազգային ժողովում փորձելու են հավաստիանալ, որ ՀՀԿ-ի հայտարարությունները երաշխավորված են:
«Մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք: Տեսականորեն կարող են իրադարձություններն այնպես զարգանալ, որ վաղը օրվա երկրորդ կեսին անհրաժեշտություն լինի հավաքվել: Տեղյակ կպահեմ, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ ընթացավ, մենք պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին: Բոլոր դեպքերում վարչապետի ընտրությունների օրը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Ա1 Պլյուս