ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ, 1 մայիս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ:
Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:
Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:
Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո և փոխըմբռնման ոգով:
Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար: