Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշումների, ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար։ Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում և այսօր, պետք է համաձայնեմ։ Խոսքս թե՛ քննադատությանն է վերաբերում, թե՛ սատարող քաղաքական ուղերձներին։ Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ։ Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակերպումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավական շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը։ Իրար հետ շփոթում են շատ բաներ և այլն: Բայց դա չէ կարևորը, ես դրանց, իհարկե, առանձին-առանձին չեմ անդրադառնա, առավել ևս, որ այդ բանավեճի ամենաարդար դատավորը ժամանակն է և ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այդուհանդերձ, վերջում ես երկու դրվագի կանդրադառնամ:
Հակիրճ՝ խոշորացված խմբերով մեկ անգամ ևս անդրադառնամ հնչող քննադատությանը։ Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետևյալն է. Հանրապետության երրորդ նախագահի կառավարման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրություններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին։ Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը։ Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե և ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համատեքստում։ Այս առումով միայն մեկ դիտարկում կանեմ. 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր Հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների ու թոռների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է։ Այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատերազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարողացել ենք առաջընթաց ապահովել, բազմաթիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարաբերությունների հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին։ Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։ Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր-ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծություններ կլինեն, մասնագիտական ուսումնասիրություններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը։
Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կոալիցիայի կողմից ինձ վարչապետ առաջադրելու քաղաքական համատեքստին։ Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, ի միջի այլոց ինձ համար տարօրինակ է, թե ինչու երրորդ, այլ ոչ թե չորրորդ, որովհետև մինչ այդ ես նաև վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, հակասություններ փնտրվում իմ նախկին հայտարարությունների և իրականության միջև։ Առաջադրվող թեմաների սակավության պատճառով հարցերի այս խումբն էլ հարկ եղածից ավելի քննարկվեց՝ չնայած քննարկելու առանձնապես բան էլ չկար։ Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման ողջ փիլիսոփայությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել։ Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր հետևում են իմ ասածներին, խնդրում եմ գրառել, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի Հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը, որպես իշխանության շարունակություն կամ 3-րդ ժամկետ։ Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված գործադիր իշխանության ղեկավար։ Սահմանադրական փոփոխություններով համապետական մակարդակում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա, դա Ազգային ժողովն է, որից էլ ծնունդ են առում իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը ապագա կառավարությունում, այն անհամեմատելի է կիսանախագահական կառավարման համակարգի նախագահի դերակատարության հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև: Ես շնորհակալ եմ, որ այս փաստը այստեղ արձանագրվեց: Մարդիկ, դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ։ Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը։ Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է։ Բայց դե ժանրի կանոնն է՝ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել։ Բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու։
Ավելի երկար խոսել արդեն ամիսներ շարունակ հնչող այսօրինակ դիտարկումների մասին, թերևս, չարժե։ Ամեն ինչ ասվել է, ամեն չասվածն էլ արդեն վաղուց ընկալվել է։
Ինչպես ասացի՝ այսօր դա չէ կարևորը։ Կարևորն առաջին հերթին ինքնին այսօրվա նիստն է, երբ խորհրդարանն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին՝ պառլամենտական երկրի վարչապետին։ Մեզ դեռ տարիներ պետք կգան, մինչև այսպիսի բոլոր՝ մեզ համար նոր գործընթացներն ավանդույթի ուժ ստանան։ Մենք բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, և սա այս պահին ամենակարևորն է։
Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։ Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխանատվության շրջանակում կառավարություն ձևավորելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամաբանության, հանուն տրամաբանված կայունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախապայմանն է։
Շնորհակալ եմ։
Եվ ես խոստացա անդրադառնալ երկու դրվագի: Առաջինը՝ ուզում եմ դիմել պարոն Արամ Սարգսյանին, թեկուզ նա դահլիճում ներկա չէ, քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք ( հասկանալի պատճառներով) և ասել հետևյալը՝ որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, և որևէ տեղ թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը:
Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:
Շնորհակալ եմ:
http://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/04/17/serzh-sargsyan-final-speech/