Թանկարժեք հագուստի տակ՝ հենասյուներով թաքցված ծուռ ողնաշարը. Հրանուշ Խառատյան

4364

Կարծում եմ, որևէ մեկն իրեն խաբված չի զգում Մոսկվային դեսանտային-միջնորդ հրավիրելու Կարեն Կարապետյանի ++++(պլյուսների շարքը կարող եք լրացնել՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի …) քայլով:

Բոլորս էլ պատրաստ էինք և պատրաստ ենք այս քայլին: Սա դաշնակցի քայլ չէ, սա հպատակի քայլ է: Եվ հիասթափություններ չունենք: Ըստ էության արժանապատվության և բարոյականության մեր պայքարը սրա դեմ է, և սրանք ցուցադրում են իրենց զինանոցը՝ կռացած մեջքը: Սրանց զինանոցի զրահատեխնիկան թանկարժեք հագուստի տակի հենասյուներով թաքցված ծուռ ողնաշարն է: Անիմաստ է սա քննարկել, սա արյան բջջների մեջ ներծծված հպատակության սինդրոմ է: Այդ սինդրոմը բանական տրամաբանությամբ և քննարկումներով չի բուժվումմ և սրանք չեն կարող ապրել առանց թանկ կոստյուների տակից իրենց մարմինը կրող հենասյուների:

Սա, այո, դաշնակցի քայլ չէ, սա հպատակի քայլ է, և Մոսկվան կարող է ընտրել դաշնակցի և հպատակի միջև: Հիշենք, որ Մոսկվան փորձում էր իրեն դաշնակցի նման պահել՝ համոզված լինելով, որ դաշնակիցը Հայաստանի Հանրապետություն երկիրն է, ոչ թե Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան երկարող ցանկը:

Մոսկվան սրանց պետք է, բայց սրանք Մոսկվային պետք չեն: Այն, ինչ Մոսկվային իրականում պետք է, Հայաստանի ժողովրդի բարեկամությունը և Հայաստանի իշխանությունների հետ դաշնակցային հարաբերությունն է:

Հայաստանում կհաղթի Ռուսաստանի դաշնակիցը՝ Ռուսաստանը դաշնակցի հետ դաշնակցային հարաբերություններ կունենա, կհաղթի հպատակը՝ կունենա հարաբերություններ հպատակի և հպատակ երկրի հետ: Մեծ հաշվով Մոսկվային երկու տարբերակներն էլ ընդունելի են: Բայց Մոսկվան դա կանի Հայաստանի ընտրությամբ: Ուղղակի հպատակությունը գերադասող կողմը դավաճանում է մեր փոքր երկրին և մեր մեծ ժողովրդին, դաշնակցությունն ընտրող կողմը պատվի դաշտ է դուրս բերում մեր երկիրն ու մեր ժողովրդին:

Ռուսաստանի հետ դաշնակցությունը հպատակին գերադասող կողմը Հայաստանի ժողովուրդն է: Հայաստանի ժողովուրդը չպիտի կոտրվի սրանց հպատակության սինդրոմի հետևանքով իր դերի փոփոխությունը փորձարկող Ռուսաստանի հրապարակ նետված միհրանյանական ծաղրածուներից:

Նույնիսկ սրանց որակից կարելի է տեսնել, թե Ռուսաստանին ինչքան քիչ է հետաքրքրում սրանց հպատակության իրականացումը:

Այս ծաղրածուների միջոցով Ռուսաստանն իր փորձարկումները կշարունակի ճիշտ այնքան, որքան Հայաստանի ժողովուրդը կպաշտպանի իշխանության իր իրավունքը: Եվ առաջինը ձեռք կմեկնի հաղթող կողմին՝ լինի դա Հայաստանի ժողովուրդը, որի ներկայացուցիչների հետ կմտնի նորմալ դիվանագիտական հարաբերությունների մեջ, թե հպատակության սինդրոմով ախտահարված ազգանվանակիրները, որոնց հետ կշարունակի տիրոջ և հպատակի հարաբերությունները:

Երկու տարբերակի դեպքում էլ նրանից որոշ լարվածություն պահանջվում է, բայց ի վերջո բանականությունը հուշում է, որ ծառան, հպատակը մի փոքր ավելի վտանգավոր է, միշտ դավաճանության, ըմբոստացման վտանգ կա, բայց վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ միշտ առկա է նրանց դեմ համաժողովրդական ըմբոստացման հեռանկարը: Բոլոր տարբերակներում այսօր Ռուսաստանին ամենևին պետք չի գաղութարարի լրացուցիչ համբավը, իսկ իրական դաշնակցային հարաբերությունները նրան լիովին գոհացնում են: Մեզ՝ նույնպես:

Մեր ժողովուրդը պիտի սրան չանդրադառնա, սա չքննարկի, մեր ժողովուրդը պիտի շարունակի և ավարտին հասցնի իր անելիքը:

Հրանուշ Խառատյան

Ֆեյսբուքի էջից