Դաշնակցությունը դեռ կոնկրետ որոշում չունի վարչապետի թեկնածուի վերաբերյալ: Այսօր հայտարարել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հաղորդում է Երկիր Մեդիան:
Ինչ վերաբերում է հարցին, թե «արդյոք հնարավոր է, որ Դաշնակցությունը սատարի Նիկոլ Փաշինյանին», Արսեն Համբարձումյանն ասել է, որ նման օրակարգ այս պահին չունեն, սակայն առաջիկա օրերին հանդիպումներ ու քննարկումներ կունենան Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների հետ:
Դաշնակցությունը հարցերի բավականին մեծ շրջանակ ունի, որոնց վերաբերյալ հետաքրքիր են Նիկոլ Փաշինյանի ու աջակիցների մոտեցումները:
Արսեն Համբարձումյանի խոսքով, նաեւ այդ քննարկումների արդյունքներից ու առաջադրված թեկնածուներից է կախված, թե ինչ դիրքորոշում է որդեգրելու կուսակցությունը: Նա նաեւ չի բացառել, որ կուսակցությունը վարչապետի պաշտոնում կարող է առաջադրել սեփական թեկնածուին: