Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,
Հարգելի՛ պատգամավորներ,
Նախ և առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար։ Շնորհակալ եմ փաստարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում։
Հարգելի՛ պատգամավորներ,
Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան բուռն էր, երբ քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը դարձավ Սահմանադրություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները:
Վերջին ամիսներին ու օրերին մենք վկան և ականատեսն ենք բարեփոխված սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի:
Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ ևս շատ կարևոր է, թե ինչ մեկնարկ է տրվում:
Պառլամենտական կառավարման ձևն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է:
Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որևէ ձև չի կարող հավակնել կատարյալ լինելուն: Ես էլ նույն կարծիքին եմ։ Կառավարման ցանկացած ձև, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահմանադրական չափորոշիչներին, ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարող է լինել նպաստավոր: Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձևը կարող է հանգեցնել իշխանության թևերի միջև հավասարակշռության խախտման, կառավարման անարդյունավետության, կոնֆլիկտայնության՝ դրանցից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Եթե անկախության առաջին տարիներին մեզ համար առավել կարևոր էին քաղաքական վարչակարգի ինստիտուցիոնալ կայացումն ու համախմբումը, այլ կերպ ասած՝ քաղաքական կայունությունն ու կառավարելիությունը, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք մեզանում, ըստ էության, բավարար չափով լուծված խնդիրներ են, և մենք անցում ենք կատարում դեպի դինամիկ զարգացման նպատակադրում:
Անկախության առաջին տարիներին օբյեկտիվորեն մեծ էր և գերակշռում էր այն մոտեցումը, որ երկրում կայունություն ու զարգացում ունենալու համար պետք է ապավինել հանրապետության նախագահի իշխանության դերակատարությանը: Այդ տարիներին ավելի մեծ էր վախը հնարավոր քաոսային վիճակներից, քան Հանրապետության նախագահին մեծ լիազորություններով օժտելու հետևանքներից: Նախագահական ուժեղ իշխանության անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ դա հնարավորություն է տալիս կենտրոնացնելու գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական ռեսուրսները և արագորեն ընդունելու անհրաժեշտ որոշումները, արդյունավետորեն հաղթահարելու հրատապ կամ կուտակված խնդիրները:
Մենք այսօր էլ պետք է արձանագրենք, որ անկախության առաջին տարիներին նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևերն այլընտրանք չունեին։ Մինչդեռ այսօր արդեն ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակայություն շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը. իշխանություն, որի յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչյուր օղակի իրավունքների ու պատասխանատվության շրջանակները համահունչ են։ Իսկ դա, մեր պատկերացմամբ, լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձևի պայմաններում:
Փոփոխված սահմանադրության հիմքում դրված են առանցքային նշանակություն ունեցող հետևյալ դրույթները.
– Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, ձևավորում է կառավարություն և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ,
– գործադիր իշխանությունը միասնական է ու ղեկավարվում է կառավարության կողմից,
– դատարանները անկախ են և հաշվետու են միայն օրենքի առջև,
– հանրապետության նախագահը պետության գլուխն է, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, ղեկավարվում է բացառապես համապետական և համազգային շահերով, մաս չի կազմում իշխանության երեք թևերից որևէ մեկին, հետևում է Սահմանադրության պահպանմանը:
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը առանցքային դերակատարություն է վերապահել Ազգային ժողովին՝ միաժամանակ անհրաժեշտ ինքնուրույնություն ընձեռելով կառավարությանը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման հարցերում: Սահմանադրությունը նախատեսում է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև համագործակցության կառուցակարգեր, որոնց նպատակն է խուսափել համակարգային հակամարտություններից: Սահմանադրությունը համարժեք լուծումներ է տվել կառավարության կայունությանը, խորհրդարանի վերահսկողական լիազորություններին, պառլամենտական փոքրամասնության դերին առնչվող հիմնախնդիրներին:
Սահմանադրությունը պետական մարմինների համակարգում առանցքային դերակատարում է տալիս վարչապետին: Կառավարման պառլամենտական ձև ունեցող պետություններում վարչապետն իշխող կուսակցության ղեկավարն է:
Վարչապետը, ապագա կառավարման համակարգում ունենալով առանցքային դերակատարություն, այնուամենայնիվ, որևէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ: Վարչապետը, ի տարբերություն կառավարման կիսանախագահական ձևի Հանրապետության նախագահի, ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է, մշտապես գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո: Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով:
Այս տեսանկյունից խիստ կարևոր են պառլամենտական փոքրամասնությանը վերապահված դերակատարությունն ու լիազորությունները: Կառավարման այս ձևի պայմաններում քաղաքական հիմնական բաժանարար գիծը ոչ թե կառավարության և խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության ու պառլամենտական փոքրամասնության միջև է։ Սահմանադրությունը պառլամենտական փոքրամասնությանը վերապահել է իր դերին և կշռին համարժեք այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն պետք է տան հակակշռելու գործադիրին՝ վերջինիս թերությունները, բացերը դարձնելով հանրային քննարկման առարկա:
Կառավարման խորհրդարանական ձևի պայմաններում կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում Ազգային ժողովի առջև: Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է խորհրդարանական մեծամասնության աջակցության հիման վրա:
Այս համակարգը բացառում է հակասությունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև, խորհրդարանի մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը դառնում է հակահամակարգային՝ դրա հնարավորությունը հասցնելով զրոյի:
Կառավարման խորհրդարանական ձևի մեխանիզմները մեծ ներուժ են պարունակում այս փիլիսոփայությունը պահպանելու և դրա տրամաբանությունից չշեղվելու համար: Ցանկացած նման շեղում հղի է անկայունությամբ ու անարդյունավետությամբ:
Չնայած կառավարման պառլամենտական ձև ունեցող պետություններում վարչապետի ունեցած ընդգծված դերին, այնուամենայնիվ, կառավարման պառլամենտական ձևը աչքի է ընկնում ապաանձնավորվածությամբ ու կոլեգիալ կառավարման տարրերով: Անշուշտ, դժվար է ժխտել անհատների դերը կառավարման համակարգում: Այնուամենայնիվ, ընդգծենք, որ կուսակցական կառավարման տարրերն այս կառավարման համակարգում էականորեն մեծ են:
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մենք ընտրում ենք պառլամենտական երկրի վարչապետին։ Առաջին անգամ ենք ընտրում, ուստի օբյեկտիվորեն շատ փորձառություն չունենք, թե հատկապես ո՞ր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը, ի՞նչը պետք է հաշվի առնենք, ի՞նչն է առաջնայինը և ինչը՝ ոչ։ Բայց ընտրության տրամաբանությունն էլ հստակ է և բխում է Սահմանադրությունից, ինչպես նաև պառլամենտական կառավարման ձև ունեցող պետությունների քաղաքական փորձից: Այս համակարգին, ինչպես արդեն ասացի, բնորոշ է իրավունքներին համարժեք պատասխանատվությունը, այդ թվում նաև՝ քաղաքական։ Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը, և դա պատահական չէ։ Դա կոչված է նաև ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար: Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղաքական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանքներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպքում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք։ Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադրական բարեփոխումների հենց ամենասկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամենտական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին։ Իհարկե, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու։ Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից։ Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում։
Կրկնվեմ.
– «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև»։
Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը։
– «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է պառլամենտական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը»։
Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։
Այս իրականությունն է, որ ինձ ստիպում է լինել քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի, մեր դեպքում՝ քաղաքական կոալիցիայի համախմբման կենտրոնում։ Մեր երկրի զարգացման ընթացքի այս փուլի մարտահրավերների համակողմանի գիտակցումն է, որ պարտադրում է լինել հանրության քվեն ստանալու համար ներկայացրած քաղաքական ծրագրի իրականացման առաջին գծում։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ես ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի։ Ակնհայտ է, որ իշխանության եկած քաղաքական ուժն իր ձևավորած կառավարության միջոցով իրականացնելու է այն ծրագիրը, որով հասարակության քվեն է ստացել։ Հետևաբար, անկախ ամեն ինչից, կառավարման խորհրդարանական մոդելով ձևավորված առաջին կառավարությունը Հայաստանում իրականացնելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական դաշնակցության ծրագրերը։ Անշուշտ, այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները հաշվի առնելով, կլինեն շտկումներ և ճշգրտումներ։ Այդ ամենի մասին ավելի հանգամանալից խոսելու ու խորհրդարանին ներկայացնելու առիթ դեռ լինելու է։
Ասեմ միայն, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիականացումը՝ ամենօրյա աշխատանքի առարկա։
Մեր կարևորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը, որի ուղղությամբ շարունակելու ենք կառուցել ու ամրապնդել մեր ծրագրերը։ Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ։ Այո՛, այսօր մենք հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան։ Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել։
Իրականացվող քաղաքականության բոլոր ուղղությունները դիտարկվելու են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից։ Դինամիկ զարգացում ապահովելուն զուգահեռ՝ լրջորեն կարևորելու ենք նպատակադրած ժողովրդագրական ցուցանիշների հասանելիության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Այս և մյուս հարցերի մասին մեր մանրամասնեցված պատկերացումները Ազգային ժողովում կհնչեն կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։ Իսկ ծրագրի արդիականացման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են համատեղ կոալիցիոն աշխատանքային խմբում։
Շնորհակալ եմ ուշադրության համար։ Եվ եթե կան հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ: