Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, թե մենք ինչ ենք ասում․ Փաշինյան

721

Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի, այսօր երթի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաձջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

«Ազատություն». – Ստեղծված նոր վիճակն ինչպե՞ս եք գնահատում, երեկ փաստորեն ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ չեն կայանալու բանակցությունները։

Նիկոլ Փաշինյան. – Հանրապետականը ժամանակի վրա է խաղում, և ես իրենց խորհուրդ եմ տալիս չանել դա։

«Ազատություն». – Դուք երեկ ասում էիք Ձեր ֆեյսբուքյան ուղերձում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը որպես ծխածածկույթ են ուզում օգտագործել, ի՞նչ նկատի ունեք։

Նիկոլ Փաշինյան. – Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ և մտածում են, որ ժողովուրդն էդքան միամիտ է, որ կհամաձայնվի մի հանրապետականին մեկ ուրիշ հանրապետականով փոխարինելու։

«Ազատություն». – Այսօր Կարեն Կարապետյանն ասել է, որ հրապարակում վարչապետի թեկնածու ընտրելը հակասում է օրենքին։

Նիկոլ Փաշինյան. – Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել, մենք ինչ ենք ասում։ Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում, պետք է օրենքի համապատասխան առաջադրվի Ազգային ժողովի խմբակցությունների կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում մինչև էդ պետք է համաձայնություն տա որևէ թեկնածուի։

«Ազատություն». – Օրինակ «Ելք»-ի անունից կարո՞ղ եք առաջադրել ինչ-որ թեկնածուի։

Նիկոլ Փաշինյան. – Այո՛, հնարավոր է, հնարավոր է։

«Ազատություն». – Բայց այստեղ խնդիրը նորից մնում է այն, որ ՀՀԿ-ականները չեն քվեարկի այդ թեկնածուի օգտին։

Նիկոլ Փաշինյան. – Դե գիտեք, նրանք ուզո՞ւմ են էս իրավիճակը լուծեն, թե՞՝ չէ։ Իրենք ուզում են ի՞նչ անեն։ Իրենք իշխանություն չեն Հայաստանում և չպետք է լինեն, այսքան բան։

«Ազատություն». – Պարոն Փաշինյան, Կարեն Կարապետյանն ասել է, որ ընդհուպ արտահերթ խորհրդարանական ընտրությունների են պատրաստ, այս դեպքում Դուք կհամաձայնե՞ք, եթե լուծարվի խորհրդարանը, բայց ընտրություններն իրենք անցկացնեն։

Նիկոլ Փաշինյան. – Կարծում եմ, որ մեր առաջին ռեակցիան այն է, որ մենք կբոյկոտենք այդ ընտրությունները, ընդ որում ակտիվ բոյկոտի միջոցով, այսինքն՝ այդ ընտրությունները չեն կայանա։

«Ազատություն». – Ինչո՞ւ, պարոն Փաշինյան։

Նիկոլ Փաշինյան. – Որովհետև ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակի արդյունքները հիմա պետք է արձանագրվեն։

«Ազատություն». – Դուք կարծում եք, որ եթե այդ ընտրություններն իրենք կազմակերպեն, դրանք էլի կկեղծվե՞ն։

Նիկոլ Փաշինյան. – Հարցը էդ չի, ժողովուրդը հաղթել է և ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի