«Ես չգիտեմ որևէ երկիր, որ ժողովրդի թեկնածուն ընտրվի հրապարակում», – այօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետի թեկնածուին պետք է ընտրի ժողովուրդը՝ իր առաջնորդած ցուցարարները։
«Ազատություն». – Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, այսինքն՝ Դուք պատրաստ եք նման զարգացման, բայց տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս առաջարկը՝ ընտրել, այսպես կոչված, ժողովրդի վարչապետի թեկնածուին։
Կարեն Կարապետյան. – Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, մի հատ բացատրեք։
«Ազատություն». – Փաշինյանը բացատրել է, որ Հանրապետության հրապարակում կոչերով ընտրելու է թեկնածուին։
Կարեն Կարապետյան. – Ես որևիցե մի երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում, դրա համար գոյություն ունեն ընտրություններ։ Այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք. էդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը։ Դուք գիտե՞ք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը։ Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է, ինքը կգնա։ Այլ տարբերակ՝ Սահմանադրությունն այսօր չի արգելում Ազգային ժողովում իրենց ֆրակցիան ներկայացնել՝ իրենց թեկնածությունը, թող ներկայացնեն, և եթե հաղթեն, ապա այո՛, բայց մենք չենք կարող, հասկանո՞ւմ եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ «ես ժողովրդի ընտրյալն եմ, էս հատվածի ընտրյալն եմ, էն հատվածի ընտրյալն եմ», և այլն։
«Ազատություն». – Դուք բացառո՞ւմ եք այս հնարավորությունը, որ իշխանությունը կգնա այդ քայլին։
Կարեն Կարապետյան. – Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալը տենց չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ։ Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածուն, և դա իմ կամքը չի կամ իմ ցանկությունը։
«Ազատություն». – Իրենց մտավախությունը հետևյալն է, պարոն Կարապետյան, որ եթե ընտրվի ժողովրդի վարչապետը, կկազմավորվի կառավարություն, Ընտրական օրենսգիրք կփոխվի, կուսկացությունների մասին օրենքը կփոխվի, նոր իրենք պատրաստ կլինեն արտահերթ ընտրություններին։ Հիմա մտավախություն կա, որ նորից կկեղծվեն ընտրությունները։
Կարեն Կարապետյան. – Դա սուբյեկտիվ ցանկություն է մի քաղաքական ուժի, մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրություններ, մենք բոլորս ֆիքսել ենք, որ այն ավելի լավն է քան նախորդը, մենք հաջորդը ցանկանում ենք անել որպեսզի ավելի լավը լինի։ Մենք վստահ չենք, որ հաջորդը կամ որևիցե ընտրություն որևիցե երկրում իդեալական է, որովհետև ընտրություններն արտահայտում են մեր քաղաքականմշակույթի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելու, խոսելու, այդ իսկ պատճառով ժողովրդի ընտրյալը մի տարբերակն է՝ դա ընտրությունն է։
«Ազատություն». – Դուք մտավախություն չունե՞ք, որ իրավիճակը կրկին կլարվի։
Կարեն Կարապետյան. – Ես մտավախություն ունեմ, ես լուծումն ունեմ դրա, և ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, բանակցեն Սահմանադրության դաշտում և բանակցեն խաղի կանոնների դաշտում, մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել։ Մաքսիմալ, չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքին։ Մենք սրանից լավ բան չենք ունենալու։