Սա ուղնուծուծով մաքուր, զտարյուն, հայկական թավշյա հեղափոխություն է. Նիկոլ Փաշինյան, 23 ապրիլ, 2018

1568

«Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երեկ նրան ոստիկանությունում պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում: «Բայց մի իքս պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է»,- ասաց նա, տեղեկացնելով, որ այսօր առավոտյան առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետև առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա ապրիլի 25-ին:

«Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից և ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա հեղափոխությունը տարել է իր առաջին կարևոր հաղթանակը, սակայն հիշեցրեց, որ օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված:

«Քայլ առաջին` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի է ունեցել: Քայլ երկրորդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից  ՀՀ-ում ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա:

Ա1 Պլյուս