Արցախը չի կարող անտարբեր մնալ Հայաստանի զարգացումների նկատմամբ. Բակո Սահակյան

1336

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին  հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Այս օրերին համայն հայության ուշադրությունը սեւեռված է Երեւանում եւ Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ եւ նույնպես հետեւում է այդ ամենին:

Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է եւ հղի վատագույն հետեւանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության եւ սահմաններում տիրող իրավիճակի վրա:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի եւ ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ:

Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբեւիցե չմոռանալով, որ հայկական երկու պետությունների անվտանգության երաշխավորման կարեւորագույն գործոնը եղել եւ մնում է մեր ներքին կայունությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետեւել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության եւ պատասխանատվության բարձր աստիճան:

Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի եւ հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ