ՍԴՀԿ-ն, պաշտպանելով խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը, հայտարարում է…

1399

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը խիստ մտահոգված է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Հնչակյան կուսակցությունը, պաշտպանելով քաղաքացիների խաղաղ ցույցերի անցկացման իրավունքը, հայտարարում է.

1. Ցույցի դուրս եկած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ հատկապես երիտասարդությունը, երկրում ցանկանում է տեսնել շոշափելի և արագ բարեփոխումներ ու առկա մթնոլորտը հաղթահարող համակարգային լուծումներ:

2. Հրամայական է երկրում համակարգի կտրուկ բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

3. Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի հնարավոր կիրառումը ոչ միայն դատապարտելի է իբրև սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում, այլև կարող է հանգեցնել առկա մթնոլորտի էլ ավելի շիկացմանը:

4. Ներքաղաքական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է կիրառել քաղաքական գործիքակազմ՝ քաղաքական կազմակերպությունների համընդհանուր կոնսենսուսի միջոցով:

Հնչակյան կուսակցությունը մշտապես հայտարարել է, որ երկրում սոցիալական անարդարության դրսևորումները, բիզնեսի սերտաճումը կառավարման համակարգի հետ, հասարակության մեջ հարուստների և աղքատների կաստայական շերտավորումը հանգեցրել է լարվածության, որի դրսևորման ականատեսն ենք այսօր: Վստահ ենք, որ քաղաքացիական իրավունքների իրացումը և փոփոխությունների պահանջը պետք է կյանքի կոչի ավելի արդար ու պաշտպանված հասարակության ձևավորումը: