Սերժը արժանապատիվ ԵԼՔ ունի

1119

Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական նոր իրավիճակ։

Հանգուցալուծո՛ւմ է պետք: Կարող է լինել մի քանիսը։

Առաջին, Նիկոլ Փաշինյանի՝ ձնագնդի նման գլորվող հանրահավաքային ալիքը հասնում է կրիտիկական կետի, տասնյակ, հարյուր հազարավոր հայեր մերժում են Սերժին։ Վարչապետին այլ բան չի մնում, քան իրականացնել նոր Մարտի 1։ Սա ամենաանցանկալի և Հայաստանի, հայ ժողովրդի համար ամենաողբերգական ճանապարհն է, որը հայոց պատմության մեջ սևով է թողնում Սերժ Սարգսյանին։ Բացի այդ, ուժ կիրառելու դեպքում Սարգսյանը կհաստատի անուղղակի կերպով, որ 2008-ի Մարտի 1-ի առաջին շահառուն հենց ինքն է, թեև այդ ոճրագործությունը իրականացվել է Քոչարյան նախագահի ժամանակ և հենց Քոչարյանն է թիվ մեկ պատասխանատուն։

Երկրորդ, Նիկոլ Փաշինյանի շարժումը, որ նա հռչակել է անհնազանդություն և թավշյա հեղափոխություն, մարում է։ Սերժ Սարգսյանը համբերատար սպասում է, որ հանրահավաքային ալիքը մարում է և բարեհոգաբար հայտարարում է, որ ինքը, ինչպես նրա քարոզչություն իրականացնողներն են շրջանառում, փափուկ ուժի կողմնակից է։

Բայց ո՞վ կարող է ասել, թե ինչ ուղղությամբ կգնա համաժողովրդական կամ այդպիսին համարվող շարժումը։ Նոր Մարտի 1-ը ՊԵՏՔ Է բացառել։ Սա նույնիսկ քննարկման նյութ չպետք է լինի։ Սերժ Սարգսյանը, կասկած չունեմ, հոգու խորքում հավատով, 2009-ի Մարտի 1-ին եկեղեցում 10 մոմ է վառել։ Գուցե նա աղետալի ղեկավար է Հայաստանի համար, սակայն նա վստահաբար այնքան խելացի է, որ գիտի՝ ինչ ասել է պատմության դատաստան։

Համաժողովրդական կամ այդպիսին համարվող շարժման մարումը ևս անցանկալի է, քանի որ դա բերելու է նոր ապատիայի, հիասթափության ու տասնյակ հազարավոր մարդկանց, առաջին հերթին՝ երիտասարդության նոր արտագաղթի։ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների 400 հազար պանդուխտները հերիք են։

Արդյոք չկա՞ փակուղուց ԵԼՔ, արժանապատիվ՝ ԵԼՔ, երբ կողմերից մեկը չի պարտվում, իսկ մյուսը՝ չի հաղթում։

Կա այդ ԵԼՔ-ը, որի հեղինակը հենց Սերժ Սարգսյանն է։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը 2014թ․ապրիլին, երբ նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը։

Սերժ Սարգսյանը չորս տարի առաջ մոլորության մեջ է գցել Հայաստանի ժողովրդին։

Եթե կուզեք՝ նա խաբել է ու ստել։

ԵԼՔ-ը մեկն է․ Սերժ Սարգսյանը բաց ճակատով կանգնում է Հայաստանի ժողովրդի առաջ և իր վստահելի հեռուստաընկերություններով հայտարարում, որ ինքը վերադառնում է իր 2014-ի խոստմանը և վեց ամիս անց հեռանում վարչապետի պաշտոնից, իսկ ՀՀԿ-ն ԱԺ-ում ընտրում է նոր վարչապետ։

Այդ վարչապետը պետք է լինի ՀՀԿ-ից, հասկանալի է և պարտադիր։

Ես մտածում եմ, որ սա ԵԼՔ է։

Արժանապատիվ ԵԼՔ Սերժ Սարգսյանի և փողոց դուրս եկած Սերժին մերժողների համար։

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ