Սերժ Սարգսյանի ելույթը խորհրդարանում․ 17 ապրիլ, 2018

1226

Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանում իշխող կոալիցիայի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Այսօր մենք ընտրում ենք պառլամենտական երկրի վարչապետին։ Առաջին անգամ ենք ընտրում, ուստի օբյեկտիվորեն շատ փորձա­ռություն չունենք, թե հատկապես ո՞ր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը, ի՞նչը պետք է հաշվի առնենք, ի՞նչն է առաջնայինը և ինչը՝ ոչ։ Բայց ընտրության տրամաբանությունն էլ հստակ է և բխում է Սահմանադրությունից, ինչպես նաև պառլա­մենտական կառավարման ձև ունեցող պետությունների  քաղաքական փորձից: Այս համակարգին, ինչպես արդեն ասացի, բնորոշ է իրավունքներին համարժեք պատասխանատ­վությունը, այդ թվում նաև՝ քաղաքական։ Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը,  և դա պատահական չէ։ Դա կոչված է նաև ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար:

Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմ­ները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղա­քական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պա­հե­լու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազ­մական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փա­խուստ պատասխանատվությունից, այլ իշխա­նա­կան ուղղահայացի վտանգում, չհիմ­նա­վորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանք­ներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպ­քում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխա­վորված չենք։ Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փա­խուստն անձնական պատասխանատվությունից անըն­դու­նելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադ­րական բարեփոխումների հենց ամենա­սկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամեն­տական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտո­նին։ Իհարկե, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու։ Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից։ Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրա­պետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և  այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդա­րանի քաղաքական մեծամասնությունը կազ­մող Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյան նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավո­րու­թյուններ՝ ստանձնած քաղաքական պատաս­խա­նատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում։

Կրկնվեմ.

– Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է հակասությունը կառավա­րության և պառլամենտական մեծամասնու­թյան միջև։

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը։

– Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է պառլամենտական մեծա­մաս­նության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը։

Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին»։