Երևանում ամենօրյա սպանություններ ու կողոպուտներ. 1918-ի աշուն

1899

Խմբագրական ՀՅԴ ԶԱՆԳ թերթի

ՇԱՆՏԱԺԸ

Երևան, 7 նոյեմբերի

Հայաստանի Հանրապետութեան մայրաքաղաք Երևանը վերջին ամսւայ ընթացքում շանտաժի վայր է դառել:

Օր չի անցնում, որ այս կամ այն թաղամասում մի կամ երկու տուն կողոպուտի չենթարկւի, այս կամ այն փողոցում օրը ցերեկով տեղի չունենան սպանութիւններ:

Երևանի մէջ արդէն բուն են դրել ինչ որ յանցաւոր շայկաներ, որոնք սիստեմատիկ կերպով ահաբեկման են ենթարկում խաղաղ ազգաբնակութիւնը: Այդ պատճառով էլ քաղաքում ստեղծւել է մի խեղդիչ մթնոլորտ, որը անդամալուծում է առանց այն էլ գլխատւած ու տակն ու վրայ եղած նորմալ կեանքը:

Նման շանտաժն ու ահաբեկումը ամենից առաջ անհանդուրժելի պիտի լինի մեր մանուկ հանրապետութեան համար, որովհետև ամեն տեսակի կամայականութիւն, թալան ու մարդասպանութիւն պիտի ստեղծի այնպիսի ծանր ու դժւարին պայմաններ, որոնց շնորհիւ որև է շինարար ու ստեղծագործ աշխատանք անկարելի պիտի դառնայ:

Առաւել ևս անթոյլատրելի պիտի նկատւի նման անարխիան մի մայրաքաղաքի համար, ուր կենտրոնացած են երկրի պետական ու հասարակական ամեն տեսակի հիմնարկութիւնները:

Հայաստանի խրհրդարանի, կառաւարութեան ու զինւորական շտաբի աչքի առաջ կատարւող նման սկանդալներն ու աւազակութիւնները ամենից առաջ վարկաբեկիչ են հէնց այդ հիմնարկութիւնների համար:

Ամենախիստ միջոցների պիտի դիմել մայրաքաղաքն ու երկիրը անմիջապէս մաքրելու նման բոլոր գողերից ու գաղտնի շայկաներից, այլապէս որևէ իրաւակարգի մասին խօսելը ցնորք պիտի համարել:

Գողի ու աւազակի լուծը ամենից նողկալին է: Հետևապէս նրա դէմ պիտի կռւել խստօրէն, առանց խնայելու որևէ մէկին, հակառակ դէպքում պետականութեան գաղափարը, որ առանց այն էլ թոյլ է մեր ժողովրդի մէջ, էլ աւելի կը թուլանայ:

Գլուխ բարձրացնող շանտաժը պիտի անմիջապէս իր բնի մէջ խեղդել:

ԶԱՆԳ, թիվ 68, հինգշաբթի, 7 նոյեմբեր, 1918

http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Zang-1917/1918/1918(68).pdf