Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր ասել է, որ ՀՀԿ-ն որոշել է վարչապետի պաշտոնի համար առաջադրել Սերժ Սարգսյանին:
– Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին,-ասել է Կարապետյանը:
Ավելի վաղ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018թ․և դառնալ հանրապետության ղեկավար։ Այս մասին նա, մասնավորապես, ասել էր Ավստրիայի Հանրային ռադիոյին:
– Դուք պատրաստ ե՞ք վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար։
– Պատրաստ եմ։
– Դուք ցանկանում ե՞ք դա։
– Ես այս հարցին չափազանց իրատեսորեն եմ մոտենում։ Երբեք չեմ երազել վարչապետ լինել, եւ ոչ էլ ձգտել եմ գործադիր իշխանությանը։ Իմ այսօրվա պատրաստակամությունը ես ձեւակերպում եմ ոչ թե որպես իշխանության ձգտում, այլ որպես մեր երկրում շատ բան փոխելու ցանկություն։