Էրդողան – Փաշինյան հանդիպում Նյու Յորքում, Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին իր գիրքն է նվիրել. 24 սեպտեմբեր, 2024թ

1857

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականը:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերին:

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման վայրի մասին մանրամասներ կառավարության լրատվականը չի փոխանցում։ Ըստ հրապարակված լուսանկարների՝ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի տանը՝ Մանհեթենում գտնվող ու Թուրքիային պատկանող երկնաքերում:
Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր գիրքը, որը կրում A Fairer World is Possible խորագիրը: